Այսօր մոտ 40,000 նորվեգացիներ հավաքվել են Օսլոյի կենտրոնական հրապարակում, որպեսզի երգեն տեղի կատարող Լիլեբորն Նիլսենի «Ծիածանի երեխաները» երգը: Նրանք ընտրել են հենց այս ստեղծագործությունը` ի նշան 77 մարդկանց մահվան պատճառ դարձած ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գաղափարախոսության դեմ բողոքի: Ավելի վաղ Բրեյվիկը խոստովանել էր, որ չի սիրում «Ծիծանի երեխաները» գործը, քանի որ այս ստեղծագործությունը մարքսիզմի քարոզչություն է պարունակում:
Ֆլեշմոբը կազմակերպվել էր Facebook սոցիալական ցանցում ստեղծված խմբի կողմից: Մասնակիցները պայմանավորվել էին, իրենց հետ բերելով վարդեր, հավաքվել դատարանի շենքի մոտ, որտեղ անց են կացվում Բրեյվիկի գործով դատական լսումները, և երգել երգը:
Նրանց է միացել նաև «Ծիածանի երեխաներ» երգի կատարողը: Այն հիթ էր դարձել Նորվեգիայում 1973 թվականին:
Հիշեցնենք, որ Օսլոյում շարունակվում են Անդերս Բրեյվիկի գործով դատական լսումները: 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ, իսկ Ուտոյա կղզում մեկ ժամվա ընթացքում Անդերս Բրեյվիկի կողմից իրագործված հրաձգության զոհ դարձան 69 երիտասարդներ: Ահեբեկչի գործողությունների հետևանքով 77 մարդ սպանվեց: