Առաջիկայում Discovery հեռուստաալիքը նոր` Death Row (մահապատիժ) ռեալիթի-շոու կցուցադրի, որը կպատմի մահապատժի դատապարտվածների կյանքի վերջին ժամերի մասին, հայտնում է «Վզգլյադը»:
Շոուն մանրամասնորեն պատմում է դատապարտվածի կյանքի վերջին 24 ժամերի մասին: Որոշ կալանավորներ իրենց մահապատժին սպասում են շուրջ 20 տարի: Ամերիկյան բանտերում ներկայումս մահապատժի են դատապարտված 3 հազար 189 մարդ, նրանցից 62-ը կին են:
Մահապատժի դատապարտվածը կարող է իր ընտրությամբ ուտելիք պատվիրել, լողանալ տաք լոգարանում և մեկ հեռախոսազանգ կատարել: Հեռախոսազրույցից հետո նա կարող է միայն հոգևորականի հետ հանդիպել: Եթե բանտարկյալը չի ցանկանում մահանալ ներարկման միջոցով, նա կարող է այլընտրանքային տարբերակ ընտրել` գնդակահարություն կամ կախաղան: Վերջին անգամ ԱՄՆ-ում մահապատիժ կախաղանի միջոցով իրականացվել է 1996 թվականին, սակայն օրենքով այն արգելված չէ, և դատապարտյալը կարող է ընտրել այն` որպես այլընտրանք:
Մահապատիժ ներկայումս կիրառվում է ԱՄՆ 34 նահանգներում: Այս տարի մահապատժի է ենթարկվել 15 մարդ: