Որոշ քաղաքական ուժեր սև PR են անում «Ժառանգության» դեմ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը: Տիկին Բախշյանը կարծիք է հայտնել, որ այդ մասին է վկայում, մասնավորապես, օրերս «Ռեգնումի» հրապարակած ապատեղեկատվությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեկնել են Լոնդոն և բանակցություններ են վարել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ: Ըստ Բախշյանի` «Ժառանգությունը» ենթադրում է, թե որ ուժը կարող է այս հրապարակման հեղինակը լինել, սակայն հրաժարվել է նշել, թե կոնկրտետ որ քաղաքական ուժի մասին է խոսքը:
Ընդհանուր առմամբ գնահատելով նախընտրական քարոզչական գործընթացը` Անահիտ Բախշյանը նկատել է, որ այս տարի մթնոլորտը ավելի բարենպաստ է և քարոզչության խոչընդոտներ չկան, փոխարենը` անհարգալից վերաբերմունք են միմյանց հանդեպ դրսևորում կուսակությունները և թեկնածուները, օրինակ, պատռում են միմյանց պաստառները:
Մեր հարցին, թե որքան ձայն է «Ժառանգությունն» ակնկալում հավաքել ընտրություններին, տիկին Բախշյանը պատասխանել է. «Որպեսզի մեր ծրագիրը կարողանանք իրականացնել, պետք է առնվազն 50% ներկայացված լինեք ԱԺ-ում: ինչքանով կհաջողվի` կտեսնենք»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Խաչիկ Գալստյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ նախընտրական արշավն ընթանում է սպասվածի պես լավ: Ըստ Գալստյանի` ԲՀԿ-ին մարդիկ լավ են ընդունում, հատկապես երբ հանդիպումներին ներկա է լինում Գագիկ Ծառուկյանը: «Նույնիսկ այն մարզերում, որոնց մասին կարծրատիպ կա, թե ԲՀԿ-ն ֆավորիտ չէ, մեզ խանդավառ են ընդունում»,- ասել է Խաչիկ Գալստյանը:
Նրա խոսքով` նախընտրական փուլում շատ կուսակցություններ դիմում են սև PR տեխնոլոգիայի, սակայն Գալստյանը չի կասկածում, որ դա որևէ կերպ ազդելու է ԲՀԿ-ի` լավ ցուցանիշ ունենալու վրա: