Նախօրեին Հրազդանում ծեծի է ենթարկվել ԲՀԿ թեկնածու Դավիթ Քոչարյանի եղբայրը, և ծեծող երիտասարդները եղել են մրցակցի թիմից, իր աղբյուրների վրա հղում կատարելով` գրում է «Հրապարակ» օրաթերթը` չնշելով, սակայն, թե հատկապես որ մրցակցի մասին է խոսքը:
Նշենք, որ թիվ 25 ընտրատարածքում, բացի ԲՀԿ-ականից, առաջադրվել է Սասուն Միքայելյանը, ում սատարում է ՀԱԿ-ը, ինչպես նաև անկուսակցականներ Հովսեփ Գալստյանը և Մուշեղ Հարությունյանը:
Թերթը գրում է, որ ԲՀԿ թեկնածուի հովանավորն ու քեռին` ԲՀԿ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, ով այս անգամ չի առաջադրվել` տեղը զիջելով զարմիկին, հերքել է լուրը:
«Դավիթ Քոչարյանի ախպորը ծեծողը իրա մոր փորից հլը դուրս չի եկել: էտի սուտ տեղեկություններ ա: Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, տենց բան չկա»,- հայտարարել է նա:
«Հրապարակը» նշում է, սակայն, որ Հրազդանում շրջանառվող լուրերով, ԲՀԿ թեկնածուն որոշել է աղմուկ չբարձրացնել, պատասխան տալ «այլ մեթոդներով»: