Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական ելույթով հանդես եկած դատախազ Վաղինակ Մխիթարյանը միջնորդություն է ներկայացրել 16 տարվա ազատազրկման ենթարկել դիտավորյալ սպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Արտակ Կարապետյանին:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Կարապետյանի փաստաբան Թամարա Յայլոյանը:
Ամբաստանյալը մեղադրվում է դիտավորյալ սպանություն իրականացնելու համար, մինչդեռ փաստաբանը պնդում է, որ Արտակի արածը խուլիգանություն է:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Արտակն իր հորը օգնություն ցույց տալու կանչված շտապօգնության 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին հայհոյել է, հարվածներ հասցրել բժշկին, ինչի հետևանքով բժիշկը մահացել է: Վերջին դատական նիստի ժամանակ փաստաբանը միջնորդել է արտաշիրիմում անել, ինչը դատարանը մերժել է: Համաձայն պաշտպան կողմի, արտաշիրիմումից հետո կարող է պարզվել, որ բժիշկը Կարապետյանի հասցրած հարվածների հետևանքով չի մահացել:
Յայլոյանի խոսքով՝ դատական նիստին ելույթ է ունեցել նաև տուժողի ներկայացուցիչ Սուսաննա Մխիթարյանն ու դատարանից պահանջել առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում նշանակել Կարապետյանին:
«Ես էլ, որպես պաշտպան, ելույթ ունեցա ու ասացի, որ արարքը սխալ է որակված, այսինքն Քր. օրենսգրքի 104 հոդվածը պետք է վերաորակել արարքն ու մեղմ պատիժ նշանակել: Դատարանը լսեց բոլորիս ու հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 8-ին, սակայն չհստակեցրեց՝ այդ օրը դատավճի՞ռն է հրապարակելու, թե՞ վերջին խոսքն է լսելու», – ասել է Յայլոյանն ու հավելել, որ ամբաստանյալն հիմա իրեն ավելի լավ է զգում, քանի որ ինքն ավելի խիստ պատիժ էր ակնկալում:
«Չնայած դատախազի միջնորդած պատժաչափի հետ համաձայն չէր, այնուամենայնիվ, հոգեբանորեն ավելի լավ էր տրամադրված», – նշել է Յայլոյանն ու հույս հայտնել, որ դատարանը կվերաորակի նրա արարքը:
Հիշեցնենք, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մարտի 6-ին հացադուլ հայտարարած ամբաստանյալ Արտակ Կարապետյանը բանտարկյալներին օրենքով տրամադրվող ասեղ-թելով կարել էր բերանը, իսկ 6 օր անց` ցմահ ազատազրկումից վախեցած, քանդել էր կարերը ու ինքնավնասման փորձ կատարարել` դոմինոյի քար կուլ տալով: