Ուկրաինական ԶԼՄ-ներն այսօր հրապարակել են լուսանկարներ, որոնք ապացուցում են ներկայումս Խարկովի գաղութում պաշտոնական դիրքի չարաշահման համար պատիժ կրող, երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մարմնի վրա հեմատոմաների առկայությունը: Լուսանկարներին կից ներկայացվում է նաև համապատասխան փորձագիտական եզրակացությունը: Առցանց պարբերականները հաղորդում են, որ լուսանկարներն իրենց է փոխանցել Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Նինա Կարպաչևան:
Ապրիլի 25-ին արված մի քանի լուսանկարներում պարզորոշ երևում է, որ կապտուկներ և արյունազեղումներ կան դաստակների, նախաբազուկի, արմունկի և որովայնի հատվածներում: Դա հաստատում է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Այս նյութերն այսօր Կարպաչևան ներկայացրել է արևմտյան դիվանագետներին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել ապրիլի 20-ին` այն բանից հետո, երբ, նրա պնդմամբ, հոսպիտալացման ընթացքում իր հանդեպ ֆիզիկական ուժ են կիրառել գաղութի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ հետաքննության արդյունքների համաձայն, 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագիր կնքելիս Տիմոշենկոն, պաշտոնական դիրքը չարաշահելով, երկրին խոշոր 200 մլն դոլարի վնաս էր պատճառել: Նա մեղավոր էր ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման մեջ և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: