23 օր հացադուլի մեջ գտնվող 23-ամյա զինծառայող Սուրեն Կիրակոսյանը որոշել է այդ միջոցին դիմելով վերջ տալ կյանքին: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սուրենի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը:
Սիսիանի զորամասերից մեկում ծառայող զինվորը հրաժարվել է անգամ ծնողների հետ տեսակցությունից. նրա խնդրանքը մեկն է՝ անցնել բուժզննում ու ստանալ համապատասխան բուժում:
«Փաստորեն, դուրս է գալիս, որ մեր երկրում նախագահն ու ՊՆ նախարարը անտարբեր ու սառնասրտորեն սպասում են, թե ինչպես զինվորն իր մահը կտանի: Նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկում` իմանալով հանդերձ, թե տղաս ինչ վիճակում է», – ասել է Կիրակոսյանը:
Մոր խոսքով՝ ի սկզբանե առողջական մի շարք խնդիրներով բանակ զորակոչված Սուրենի կյանքին այսօր լուրջ վտանգ է սպառնում` մեծացած ուսի խալի պատճառով:
«23 տարի է ինքը չի իմացել, որ խալը կարող է իրեն վնասել, մենք միշտ ուշադիր ենք եղել ու հետևել ենք, որ անգամ շապիկը չկպնի խալին: Նմանատիպ մի քանի խալ կա տղայիս մարմնի վրա, սակայն մինչ օրս որևէ նեղություն չեն տվել: Ուսի խալը վնասվել է ծառայության ընթացքում, չնայած հենց սկզբից այդ վտանգի մասին իրենք տեղեկացված են եղել: Նրա զինգրքույկում գրված էր, որ պետք է զենք չկրի, զրահաբաճկոն չհագնի, արևին շատ չմնա, սակայն չեն պահպանվել կանոնները, ինչի հետևանքով էլ որդուս կյանքը վտանգված է», – պատմել է զինվորի մայրն ու հավելել, որ Ուռուցքաբանական կենտրոնում հետազոտվելուց հետո բժիշկն ասել է, որ խալն իրենից մեծ վտանգ է ներկայացնում ու փրկության հույսը 50 տոկոս է. վիրահատությունից հետո խալը կարող է վերածվել չարորակ ուռուցքի:
«Կարծում եմ, որ ոչ մի ծնող ու ոչ մի անհատ չի համաձայնի ու պատրաստակամ չի գնա այդ քայլին: Տղայիս ստիպողաբար ուզում են տանել վիրահատության, որպեսզի կոծկեն իրենց կատարած բոլոր սխալները», – համոզված է Զվարթ Կիրակոսյանը:
Մայրը նաև նշել է, որ բժիշկը իրեն զգուշացրել է՝ անգամ խալից փորձանմուշ վերցնելը կարող է նպաստել խալի չարորակ դառնալուն:
«Թե վիրահատությունը, թե փորձանմուշը արագացնելու են պրոցեսը, դրա համար էլ որդիս հրաժարվել է ամեն ինչից ու գիտակցաբար որոշել է հացադուլով վերջ տալ կյանքին», -նշել է Կիրակոսյանը:
Մայրը նաև ավելացրել է, որ տղան մինչ բանակ գնալը ունեցել է մաշկային հիվանդություն՝ սնկախտ, որը պետք է բուժվեր մինչ ծառայության մեկնելը, սակայն առանց փաստը հաշվի առնելու զորակոչել են ու հիվանդությունը սաստկացել է ծառայության ընթացքում՝ մարմնի վրա հայտնվել են բշտիկներ, որոնք նեղությունն են տալիս Սուրենին:
«Ստամոսքի, երիկամների, միզապարկի մի շարք խնդիրներն անտեսվել են պատկան մարմինների կողմից, հիմա էլ ասում են՝ բոլոր օրգանները մի քիչ-մի քիչ հիվանդ են, բայց կենտրոնացել են խալի վրա ու ուզում են հապշտապ վիրահատել, որպեսզի ուղղեն իրենց սխալները», – համոզված է մայրը:
Ի դեպ՝ Զվարթ Կիրակոսյանը Epress.am-ին պատմել է, որ երեկ՝ կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո, ինքը և զոհված զինծառայողների մի քանի ծնողներ գնացել են ՊՆ ու դիմում են գրել՝ ուղղված նախարար Սեյրան Օհանյանին:
«Աշխատակիցներից Արտակ Սարգսյանին հանձնեցինք դիմումը, ով խոստացավ, որ այն կհանձնի Օհանյանին: Նա նաև նշեց, որ ամեն բան կախված է նախարարի արձագանքից, եթե այն դրական լինի, ինքը մեզ տեղյակ կպահի: Այնուհետ գնացինք ՀՀԿ նախընտրական գրասենյակ, այնտեղ էլ մեզ ասացին, որ ամեն բան կախված է ՊՆ նախարարի որոշումից», – պատմել է հացադուլ հայտարարած զինվորի մայրն ու ավելացրել, որ ժամանակն իրենց դեմ է աշխատում ու իր որդին հաստատ այնքան ուժ չի ունենա, որ դիմակայի հացադուլին: