«Զրկել կրիմինալներին Հանրապետական կուսակցության շարքերում առաջադրված պատգամավորության թեկնածությունից, թե չէ Նժդեհն էն աշխարհում կգժվի», -այս բողոք-պահանջով այսօր Բուզանդի, Արամի, Եկմալյան փաղոցների խաբված բանկարանատերերը բողոքի ակցիա են անցկացրել ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանք պահանջել են, որ ՀՀԿ-ն իր կուսակցությունից հեռացնի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկանածու, ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:
«Նախագահական նստավայրում հերթական անարդյունք բողոքի ակցիան անցկացնելուց հետո գնացինք ՀՀԿ-ի գրասենյակ՝ մեր պահանջը ներկայացնելու: Մենք նաև խնդրեցինք հանդիպում շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն նրա փոխարեն մեզ ընդունեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա լսեց մեզ, շատ զարմացավ մեր պեղումներով ու, ինչպես բոլորը, ինքն էլ հարցրեց՝ ինչո՞ւ եք խորանում հանցագործություների մեջ, ձեր դարդի մասին մտածեք», – նշել է Մաղաքյանն ու հավելել, որ իրենք էլ հակադարձել են, թե մինչև հանցագործի կոկորդից չբռնես, իրենց դարդը չի լուծվի:
Հիշենենք, որ ավելի վաղ բնակարանատերերը Epress.am-ի հետ զրույցում պատմել էին, թե երկար փնտրտուքներից հետո վերջապես պարզել են իրենց տանջող հարցերի պատասխանները՝ մասնավորապես՝ ինչո՞ւ պատկան մարմինները չեն լուծում իրենց բնակարանների խնդիրը:
«Մեր բնակարանների հարցերով զբաղվող իրավասու իրավապահ մարմինները մոտեցել են «Գապբնակշինին» ու, տեղում համոզվելով, որ հանցագործությունը ակնհայտ է, չեն հրաժարվել օգտվել մի քանի բնակարան անօրինական ճանապարհով ձեռք բերելու առաջարկությունից»,- ասել էր Մաղաքյանն ու վստահեցրել, որ ամենամեծ ավարը յուրացրել է նախագահի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը, ով ձեռք է բերել 24 բնակարանի, 1 բիզնես-տարածքի և 27 ավտոտնակի համար՝ ընդհանուր հաշվով շուրջ 5 միլիոնն դոլլար արժողությամբ գույք:
«Մեր միակ պահանջն այն է, որ Հովհաննես Հովսեփյանի, Վազգեն Խաչիկյանի, Երվանդ Զախարյանի պես մարդկանց հեռացնեն ՀՀԿ-ի շարքերից, այլապես այս կուսակցությանը վստահել չենք կարող: Այս մարդիկ մեզ ռեկետ են արել, ու մենք պետք է իրենց ընտրե՞նք: Ստացվում է, որ մեզանից ոմանք պետք է ընտրեն իրենց թշնամուն», – պատմել է Մաղաքյանը:
Նրա խոսքով՝ Աճեմյանը խոստացել է իրենց խնդրի մասին մոտ օրերս անպայման տեղեկացնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ պատճառաբանելով, որ նախագահը հիմա չափազանց զբաղված է:
«Հիմա մնում է սպասել արդյունքին», – ասել է Մաղաքյանն ու հիշեցրել, որ շաբաթներ առաջ նմանատիպ դիմում-նամակ էլ տվել են ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանին՝ խնդրելով նրան նամակը փոխանցել Սերժ Սարգսյանին:
«Սադոյանը պատճառաբանում է, թե մինչ օրս չի կարողացել այն փոխանցել նախագահին: Պահանջեցի նրանից վերադարձնել նամակն ու թղթերը,սակայն հրաժարվեց տալ: Թե իրականում ի՞նչ է կատարվում, չեմ հասկանում: Գուցե վախենու՞մ են նամակը փոխանցել նախագահին, թե՞ տալիս են ու արդյունք չկա……», – տարակուսել է Մաղաքյանը ու ավելացրել, որ չնայած այսքան ձգձգումներին, միևնույնն է, իրենք հետևողական են լինելու: