«Այդ միայն երգում է, որ ճամփեն պիտի չիմանա, թե ուր է գնում մարդը: Մարդը տանից բացահայտ, առանց դիմակի դուրս է գալիս և գնում է ընտրության, դրանում ոչ մի գաղտնիք չկա, և ընտրություններին մասնակցության գաղտնիությունը հակասահմանադրական է, ի տարբերություն ընտրություններին քվեարկության գաղտնիությանը, որը Սահմանադրության պահանջն է»,- այսօր Միասնական շտաբում, որտեղ շարունակվում է շտաբի ասուլիսը՝ հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` անդրադառնալով այն փաստին, որ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս հրապարակայնացնել ընտրություններին մասնակցած մարդկանց ցանկը, որը համեմատելով ընտրության իրավունք ունեցողների ցուցակների հետ, կարելի է բացահայտել «ստվերը», որը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, 400 հազարի է հասնում:
«Ընտրացուցակներն ակնհայտորեն ուռճացված են, և խոսքը գնում է այնպիսի մեծ ստվերի մասին, որ եթե այդ վիրտուալ ընտրողները մաքրվեն ցուցակնեից, ընտրություններն արժեզրկվելու են: Ամսի 25-ին շտաբի նիստում ամենայն լրջությամբ այդ հարցը քննարկվեց, և շտաբը եկավ այն եզրահանգման, որ ստեղծված պայմաններում գոյություն չունեցող ընտրողների մասնակցությունը բացառելու միակ ուղին է, որ ընտրություննների մասնակիցների ցուցակները հրապարակվեն: Միասնական շտաբը գտավ, որ այդ հնարավորությունը պայմանավորված կլինի նրանով, որ Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում կայացնի:
Դրա համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-րդի անունով դիմումը: 27 պատգամավոր պետք է դիմի դատարան, և քանի որ շտաբի հիմնադիր չորս կուսակցություններից երեքը ունեն խորհրդրանական կուսակցություններ, այդ խնդիրը կարող է լուծվել նրանց` ՍԴ դիմելու միջոցով, որպեսզի ՍԴ-ն արագացված կարգով նայի այն սահմանափակումները, որոնք արգելափակում են քվեարկողների ցուցակը հրապարակելուն: Այսօր մենք այդ դիմումը կներկայացնենք ՍԴ»,- Հմայակ Հովհաննիսյանի խոսքերն է փոխանցում Aravot.am-ը:
Կայքի փոխանցմամբ, Միասնական շտաբում ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը ներկայացրել է ԲՀԿ-ի կողմից հատուկ համակարգչային ծրագրերով հայտնաբերված խախտումները: Օսկանյանի խոսքով` հայտնաբերվել է հետևյալ տեսակի խախտումը` նույն տարեթվին, «նույն օրը ծնված մարդու անուն-ազգանունը մեկ տառի տարբերությամբ կա մի քանի հատ, կամ նույն հասցեում, կամ տարբեր: Օրինակ, կա նույն անուն հայրանունով և ծննդյան տվյալներով մարդ հետևյալ ազգանուններով` Հովհաննիսյան, Հովհաննեսյան, Հովանեսյան կամ Պողոսյան, Պաղոսյան, Քրմաչյան, Ղրմաչյան»:
Օսկանյանը բերել էր հարյուր նմուշ, սակայն վստահեցրեց, որ նման կարգի խախտումները տասնյակ հազարներով են. «Ակնհայտ է, որ սա միտում է, պարզ է, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին հանձնարարական է տվել, որ նման բան անի: Սա պատահականություն կամ համակարգչային սխալ չէ: Իսկ թե ինչպես կօգտագործվի սա, յուրաքչանյուրը կարող է իր երևակայությունը օգտագործել»: