Ուկրաինական Դնեպրոպետրովսկ քաղաքում այսօր միմյանց հաջորդող 5 պայթյուններ են տեղի ունեցել, հայտնել է երկրի ՆԳՆ-ն: Տուժածների մասին հստակ տվյալներ դեռևս չեն հաղորդվում: ԱԻՆ նախնական տվյալներով` վիրավորվել է 14 մարդ: Նրանց թիվը, ըստ ամենայնի, դեռևս կաճի: Միջադեպերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել 12:00-ի շրջանում` քաղաքի կենտրոնում գտնվող տրամվայի կանգառում: Պայթյունային ալիքի հետևանքով կոտրվել են տրամվայի և դրա հարևանությամբ գտնվող բնակարանների պատուհանները: Տրամվայների երթևեկությունը դադարեցվել է:
40 րոպե անց Դնեպրոպետրովսկի Օպերային թատրոնի մոտ` մերձկայարանային հրապարակում, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը: Արդյունքում 7 մարդ է տուժել: Շուտով հայտնի է դարձել նաև երրորդ պայթյունի մասին: Այն գրանցվել է Գլոբա այգու մոտակայքում: Արդյունքում տուժել է մի կին, նա հիվանդանոց է տեղափոխվել վիրավորված ձեռքով:
Այնուհետև հաղորդում է ստացվել նաև 4-րդ պայթյունի մասին: Այն տեղի է ունեցել առաջին պայթյունի նույն թաղամասում` Կարլ Մարքսի պողոտայում: 4-րդ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Մինչ այդ, տեղեկությունն են ստացվել, որ 5-րդ պայթյունն է տեղի ունեցել, սակայն այդ մասին լուրերը չեն հաստատվել: