Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին, մեկ անգամ ևս ընդգծեց այն իրողությունը, որ բարձրագույն կրթության համակարգը Հայաստանում գտնվում է անհանդուրժելի վիճակում։ Այս մասին ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են Լարիսա Մինասյանը (Բաց հասարակության հիմնադրամներ), Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Եվրասիա համագործակցության հիմնադրամ), Բորիս Նավասարդյանը (Երևանի մամուլի ակումբ), Ստեփան Գրիգորյանը (Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն), Լևոն Բարսեղյանը (Գյումրի «Ասպարեզ» լրագրողների ակումբ), Ավետիք Իշխանյան (Հայաստանի հելսինկյան կոմիտե), Արտակ Զեյնալյանը («Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ),
Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), Սոնա Այվազյանը («Թրանսփերենսի Իներնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոն) և այլք:
Ըստ նամակի հեղինակների` հրամանը արտացոլում է գործադիրի ցանկությունը` ուղղակի հսկողություն հաստատել ակադեմիական հաստատությունների նկատմամբ, ինչպես նաև նախարարության արհամարհական վերաբերմունքը համալսարանի դասախոսական կազմի և ուսանողության հանդեպ։
«Ռեկտորի հեռացումը, որը տեղի է ունեցել առանց համալսարանը կառավարող մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի որոշման, մեղմ ասած, կասկածելի է օրենքին համապատասխանության առումով։ Ավելին, այդ հրամանով ստեղծվում է տպավորություն, որ արհամարհվում է ոչ միայն կառավարող կոլեգիալ մարմինը, այլև բուհերի ինքնավարության սկզբունքն ընդհանրապես։ Զոլյանի հեռացումը եւս մեկ անգամ ի ցույց է դնում այն իրավական առումով հակասական և գործադիրի նկատմամբ կախյալ վիճակը, որում հայտնվեցին բուհերը, երբ նրանց ամրագրվեց պետական ոչ-առեւտրային կազմակերպությունների կարգավիճակը։ Մտահոգիչ է նաեւ, որ խիստ նկատողության համար առիթ է դարձել Զոլյանի կողմից Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) փորձագետի պարտականությունների կատարումը։ Քանի որ Զոլյանը մեկնել էր ԵԽ միջոցառմանը որպես Հայաստանի կառավարության կողմից առաջադրված փորձագետ, նրան՝ որպես փորձագետի իր պարտականությունների կատարման համար նույն ՀՀ կառավարության կողմից պատժելը ոչ միայն խիստ անտրամաբանական է, այլ նաեւ ԵԽ-ի եւ նրա գործունեության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում», – ասված է հայտարարության մեջ:
Նամակի հեղինակները իրենց խորը անհամաձայնությունն են արտահայտում այն գործելակերպի հետ, որի դրսեւորումն է Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը, դատապարտում ենք համալսարաններում տիրող կառավարման մեխանիզմները և պահանջում.
– անհապաղ և լիակատար հրաժարում իրավական առումով կասկածելի որոշումներից
– ստեղծված իրավիճակի լուծում` բաց և վստահելի գործընթացի միջոցով
– համալսարանների կառավարման մեխանիզմների անհետաձգելի բարեփոխում` ներառած ակադեմիական անկախության ոչ թե ձևական, այլ իրական երաշխիքների ապահովումը: