Հայաստանի քաղաքացի Թորգոմ Սարուխանյանի` ԼՂՀ պաշտպանության բանակում պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու հարցը դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության իրավասություններից: Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ստորագրած գրության մեջ, որն ուղարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում զոհված Թորգոմ Սարուխանյանի մորից` Լենա Սարուխանյանից հարցում էր ստացել` թե ինչու են Հայաստանի քաղաքացիները ծառայում Լեռնային Ղարաբաղում:
ՄԻ պաշտպանը հարցումն ուղարկել էր ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Գևորգ Կոստանյանը, իր հերթին, պատասխան գրությամբ տեղեկացրել էր, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 46-րդ հոդվածի «յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը», հետևաբար «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի կարգով 18-27 տարեկան քաղաքացիները պարտավոր են ծառայելու ՀՀ զինված ուժերում»:
ՀՀ կառավարությունից ՄԻ գրասենյակին տեղեկացրել են, որ բարձրացրած հարցին արդեն պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Epress.am-ին ՄԻ գրասենյակի ստացած պատասխանները տրամադրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը: