Home / Հայաստան / «Ո՞ւմ եք գժի տեղ դնում». Բագրատյանը խոսել է Սյունիքի մարզում

«Ո՞ւմ եք գժի տեղ դնում». Բագրատյանը խոսել է Սյունիքի մարզում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն իրենով է արել այն, հիմա էլ ցանկանում է  մենաշնորհել քաղաքական դաշտը՝ ցանկանալով իր որդուն նորից պատգամավոր դարձնել:

Երեկ Մեղրիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ Սյունիքի մարզում գործող ձեռնարկությունների մասին խոսել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

Նշենք, որ  թիվ 38 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու են առաջադրվել Մաքսիմ Հակոբյանի  որդին` Վահե Հակոբյանը` ՀՀԿ-ից, Դավիթ Մաթևոսյանը` ՀԱԿ-ից, Գագիկ Գևորգյանը` ՀՅԴ-ից, և անկուսակցական Նարինե Մովսիսյանը:

Բագրատյանը նշել է, որ Քաջարանում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը երկու միլիարդ դոլարի շրջանառություն ունի:

«Էն ժամանակ Քաջարանի գործարանը երեք համալիր էր՝ Քաջարան, Ագարակ, Ղափան: 15 հազար տոննա մոլիբդեն, հաշվեք դրա գինը: Մենք գինը գիտենք: Հիմա վերցրել են ձեզնից: Քաջարանն ո՞վ ա վերցրել,  70 տոկոսը ինչ-որ «Քրոնիմեդ» ընկերություն, ես վստահ եմ, որ դրա հետևում Ռոբերտ Քոչարյանի ականջներն են, 15 տոկոս «Արմենիա մոլիբդեն փրոդաքշն»՝ նորից Քոչարյանն ա, և  մի 15 տոկոսն էլ ինչ-որ ստից-մտից փայեր են: Նույնը Ագարակը, էնտեղ էլ արդեն Սերժ Սարգսյանն ա, մարզպետը (Սյունիքի մարզպետն է Սուրիկ Խաչատրյանը – խմբ.) և այլն: Էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ խայտառակություն ա, էս ո՞ւմ եք գժի տեղ դնում: Բա մեր հետևից էլ որ չէին ասում` ցուրտ, մութ, վայրենի լիբերալիզմ: Այ ընկերներ, փառք տվեք էդ վայրենի լիբերալիզմին: Ժողովուրդ, եկեք դեմը կանգնենք, եթե հիմա իրանց դեմը չկանգնենք, վաղը թուրքը գալու է մեզ կոտորի, որովհետև պետությունը չի կարող էս պայմաններում, չափանիշների էս համակարգում և տնտեսական մեխանիզմի կառուցման էս տրամաբանության մեջ գոյատևել», – ասել է Հրանտ Բագրատյանը:

Նա անդրադարձել է 90-ականներին հողը գյուղացիներին տալու մեխանիզմներին` հիշելով, որ այդ առնչությամբ իրեն Հեյդար Ալիևն ասել է, թե հայերը իրենց հողի համար են կռվում, այդ իսկ պատճառով դա ավելի լավ են անում, քան ադրբեջանցիները:

Նա նաև հիշեցրել է, որ 90-ականներին ադրբեջանական  բանակը երեք-չորս անգամ ավել էր, նրանց բյուջեն երկու անգամ ավել էր, սակայն հիմա արդեն բյուջեն 11 անգամ է  ավել:

Հայաստանի բյուջեն, Բագրատյանի խոսքով, Սերժ Սարգսյանի կառավարման չորս տարիներին, 2,7 միլիարդ դոլարից իջել է 2,5 միլիարդ դոլարի:

«Էդ մարդը ինտելեկտ էլ չունի էս բոլորը հասկանալու համար, չի էլ ուզում հասկանա: Ինքն իրանից գոհ, մենակ հելնում ա ամբիոն, հինգ րոպե խոսում ու փախնում ա»,- ասել է Հրանտ Բագրատյանը: