Այսօր Շիրակի մարզ կատարած այցելության ընթացքում ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը Մարալիկ համայնքում կոչ է արել հավատալ բազմաթիվ դժվարությունների ու մարտահրավերների դիմակայած Հանրապետական կուսակցությանը, հավատալ սեփական ուժերին և ավելի լավ Հայաստան ստեղծելու նպատակին՝ այն իրականություն դարձնելու համար համատեղելով ջանքերը:
«Մենք հաջողությամբ դիմադրել ենք մեր որոշ հարևանների անբարյացկամությանը, բացահայտ թշնամանքին ու հարձակումներին: Մենք պայքարել ենք բնության արհավիրքի ու դրա հետևանքի դեմ: Մենք պայքարել ենք այն պայմաններում, երբ ուրիշները վաղուց արդեն թևաթափ էին եղել և հրաժարվել պայքարից: Մենք երբեք չենք վախեցել նոր մարտահրավերներից: Մենք հայաստանցիներս պատրաստ ենք պայքարել ու վերահաստատել մեր ազատությունն ու արժանապատվությունը:
Եթե մենք չհավատայինք, երբեք չէինք կարողանա ստեղծել ուժեղ և պաշտպանված Հայաստան յուրաքանչյուրի համար: Բայց մենք հավատացինք, վստահեցինք ինքներս մեզ ու մեր սեփական ուժերին: Մենք կարողացանք շրջել պատմության անիվը այն ուղղությամբ, որ պետք էր մեզ՝ մեզնից յուրաքանչյուրին»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Արթիկում, որը գտնվում է Հայաստան-Թուրքիա համայնքի անմիջական հարևանությամբ, Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Դիմելով հավաքվածներին՝ նա ասել է, որ արթիկցիներն ապրում են մի երկրի հարևանությամբ, որը անօրինական շրջափակման է ենթարկել Հայաստանը:
«Մի երկրի հարևանությամբ, որտեղ հայ ժողովրդի հանդեպ գործած ցեղասպանությունը մերժվում է և ամեն օր կեղծվում է սեփական պատմությունը: Մի երկրի հարևանությամբ, որն այսօր էլ շարունակում է այդ հանցագործությունը՝ ուրանալով պատմական փաստերն ու արդարությունը: Մենք մշտարթուն ենք լինելու և համառ. մարդկության դեմ գործած հանցագործությունը հնարավոր չէ հավերժ ուրանալ: Մի օր Թուրքիայում վերջապես կհասկանան, որ որքան շուտ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այնքան ավելի լավ՝ քաղաքակիրթ Թուրքիա կառուցելու ճանապարհին:
Մենք դատապարտում ենք պատմական փաստերը վիճարկելու միջոցով Հայոց ցեղասպանությունը հարաբերական դարձնելու բոլոր փորձերը: Այդ ամենին ի պատասխան մենք շարունակում ենք պահանջել արդարություն և հատուցում: Մենք մերժում ենք Թուրքիայի մեծամիտ ու գոռոզ քաղաքականությունը, նրանց օգտագործած թելադրանքի, պարտադրանքի ու նախապայմանների լեզուն», – հայտարարել է երկրի ղեկավարը:
Նա նշել է, որ ԱՄն պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իրավացի էր, երբ կրկնում էր՝ գնդակը Թուրքիայի դաշտում է:
«Եթե որևէ բան են ուզում անել ու փոխել, թո՛ղ տեղից շարժվեն», – ասել է ՀՀԿ նախագահը:
Գյումրիում Սերժ Սարգսյանն ասել է, որ քաղաքը վեռրագտնում է իր նորոգ տեսքը:
«Ամենակարևորը՝ վերագտնում է այն ուժեղ մարդկանց նկարագիրը, որ մեր ժողովրդի փառքն ու պարծանքն են եղել և կան: Երբ գյումրեցին ծանր կորուստներից ու ցավալի ընդմիջումից հետո կրկին աշխարհի չեմպիոն է դառնում, երբ Գյումրին արդեն մարզադաշտ է բացում ու ֆուտբոլային ֆանատների պրոֆեսիոնալ խմբեր կազմում, բոլորիս համար արդեն պարզ է, որ ո՛չ միայն ամեն ինչ կորած չէ, այլև Գյումրու համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Ու այսօր էլ ասում ենք գյումրեցի ու պատկերացնում համով-հոտով կատակող մարդուն:
Ասում ենք` երկրորդ քաղաք, գյումրեցին կրկին հումորով ուղղում է, թե` հայրաքաղաք: Սա վերածնվող Գյումրին է», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Գյումրիում Սերժ Սարգսյանը նաև ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: Տեղի «Շիրակը» 1:0 հաշվով հաղթել է Դիլիջանի «Իմպուլսին», և իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճել է գավաթը: