Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը շաբաթ օրը գնացել է Մալաթիայի քննչական բաժանմունք պարզելու`ինչու են իրեն բերման ենթարկելու համար ոստիկաններն այցելել իր բնակարան:
Epress.am-ի հետ զրույցում Առուստամյանը պատմել է, որ երկու ոստիկանների այցելության մասին իրեն տեղեկացրել են հարևանները:
«Գնացել եմ քննչական բաժանմունք ու շատ պարզունակ հարց եմ ուղղել քննիչին` ինչու են ոստկանները բերման ենթարկելու նպատակով այցելել իմ բնակարան: Ինձ դասական խուսափողական պատասխան տվեցին, թե եկել են հրավիրելու: Ոստիկանությունից չեն հրավիրում: Նախ՝ ինձ պետք է ծանուցագիր ուղարկեին: Օրենքով նախատեսված կարգով, եթե երկու ծանուցագիր ուղարկելուց հետո ես առանց պատճառաբանության չեմ ներկայանում, այդ դեպքում նոր միայն իրենք իրավունք ունեն ինձ բերման ենթարկել», – ասել է Առուստամյանը:
Նա նաև ընդգծել է, որ նույնիսկ գրանցված պատգամավորի թեկնածուին բերման ենթարկելու համար պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը:
«ԿԸՀ-ի կողմից ինձ բերման ենթարկելու գրավոր համաձայնությունը գոյություն չունի: Ես էլ պատրաստ եմ օգնել քննչական մարմնին` բացահայտել հանցագործներն ու հրոսակախմբի անդամներին, և հետո էլ մենք բանավոր կապի մեջ ենք քննիչի հետ, նրա մոտ կան իմ հեռախոսահամարները, հետևաբար չեմ հասկանում, թե ինչ նպատակ է հետապնդում մեր տուն ոստիկաններ ուղարկելը` ընդ որում ապօրինի», – նշել է պատգամավորություն թեկնածուն:
Հիշեցնենք, որ, խոսելով հանցագործության մասին, Առուստամյանը նկատի է ունեցել ապրիլի 15-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 44 շենքի մուտքում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում մի խումբ մարդիկ հարձակվել են իր, ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկված Զոյա Թադևոսյանի և Բաբկեն Գարոյանի (լուսանկարում) վրա ու հարվածներ հասցրել նրանց: Գարոյանը ծեծի ենթարկվելու հետևանքով կոտրել է քիթը: ՀԱԿ ներկայացուցիչները բաժանելիս են եղել 7-րդ ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի քարոզչանյութերը:
Լուսանկարը` Արման Վեզրիյանի
Մեզ հետ զրույցում Առուստամյանը նաև ընդգծել է, որ մինչ այդ մի ծանուցագիր իրեն ուղարկել էին, ինչին ինքը բանավոր էր պատասխանել:
«Ծանուցագիրը ստանալուց հետո ես կապվել եմ քննիչի հետ ու տեղեկացրել, որ չեմ կարողանում ներկայանալ, որովհետև նախընտրական քարոզչության փուլ է ու ես շատ զբաղված եմ», – ասել է Առուստամյանն ու հավելել, որ ինքը խնդրել է քննիչ Գևորգյանին` հնարավորության սահմաններում այցելել իր նախընտրական գրասենյակ, որտեղ էլ ինքը ցուցմունք կտար, սակայն հանդիպումը չի կայացել:
Առուստամյանը նաև ընդգծել է, որ երեկ քննչական բաժին այցելության ընթացքում ինքը գրավոր միջնորդություն է ներկայացրել`քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթ ուղարկելու կապակցությամբ:
«Ես պնդում եմ, որ դեպքի առիթով հարուցված քրեական գործը սխալ է և չի համապատասխանում օրենքի պահանջին, այսինքն` գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև մարմնական վնասվածք պատճառելը), իսկ իրականում պետք է հարուցվեր 149 հոդվածի հատկանիշներով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), քանի որ դեպքը տեղի է ունեցել նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու նպատակով և այդ մասին հրոսակախմբի անդամներն առանց թաքցնելու, գոռգոռալով հայտարարել են`խլելով քարոզչանյութերը, ծեծի ու նվաստացումների ենթարկելով պատգամավորի թեկնածուներին: Նրանք բացահայտ շեշտում էին իրենց Հանրապետական կուսակցությունից լինելու հանգամանքը ու այն, որ ունեն իրենց թեկնածուն», – ասել է Առուստամյանը:
Առուստամյանը լկտի սուտ է համարում դեպքի հաջորդ օրը ոստիկանություն ներկայացած ինչ-որ երիտասարդի (համաձայն ոստիկանության 42-ամյա Վարդան Վ. – խմբ.) կողմից արված հայտարարությունը: Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ մասնավորապես սուտ է այն, որ այդ մարդը նշել է, թե ավազակախումբ չի եղել ու ինքը մենակ է եղել միջադեպի ընթացքում:
«Նա պնդել է, որ ինքը ուղղակի հրել է ինձ ու Բաբկեն Գարոյանին: Սա պարզապես ծիծաղելի է, նաև համամիտ չեմ ոստիկանության կողմից արված հայտարարության մեջ ներկայացած անձի մասին: Առերեսում չի եղել, և ես չգիտեմ` արդյոք նա եղել է հարձակվողների մեջ», – ասել է Առուստամյանը` ընդգծելով, որ հարձակվողները 20-30 տարեկան էին և միայն մեկը` նրանց առաջնորդն ավելի բարձր տարիք ուներ:
Նա շեշտել է, որ ինքը չի վստահում իրավապահ մարմիններին`հաշվի առնելով նախադեպերը:
«Ինչի մասին է խոսքը, եթե այնքան աղաղակող փաստերով հանդերձ մարտի 1-ի գործը չի բացահայտվում: Ի՞նչ երաշխիք, որ այս միջադեպը կբացահայտվի», -եզրափակել է Առուստամյանը: