«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը Արման Վեզիրյանին հարվածելու առնչությամբ զանգահարել է ՀՀ ոստիկանության թեժ գիծ, սակայն այնտեղ զանգերին ոչ ոք չի պատասխանել: Հետագայում կազմակերպության ներկայացուցիչները կապվել են օպերատիվ խմբի հետ, որոնք նշել են, որ տեղյակ կպահեն Շենգավիթի ոստիկանության բաժնին:
Ոստիկաններն Արման Վեզիրյանին չեն այցելել, որից հետո ինքը և կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը ոստիկանների հրավերով անձամբ մեկնել են բաժին: Այնտեղ իրավապաշտպանները զրուցել են նախ Շենգավիթի քրեականի պետի տեղակալ Պողոսյանի հետ՝ ներկայացնելով տեղի ունեցածը, ապա հետաքննիչ Ա.Ղազարյանի հետ, ով Վեզիրյանին դատաբժշկական ուղեգիր է տվել: Քննիչը նաև Վեզիրյանից ընդունել է հանցագործության մասին հաղորդում:
Արման Վեզրիյանը հրաժարվել է նախաքննության մարմին բացատրություն տալուց, և պատրաստվում է վաղը ներկայանալ բաժին Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցի հետ:
Հիշեցնենք, որ այսօր 18:30 -ի սահմններում Շենգավիթ համայնքի Սեդրակ Սարգսյան փողոցի սեփական տներից մեկի մոտ 45 տարեկան մի տղամարդ հարվածել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Արման Վեզիրյանի դեմքին:
Epress.am-ի հետ զրույցում Վեզիրյանը պատմել էր, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը:
Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները նախընտրական քարոզչանյութեր են բաժանելիս եղել, և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ:
Այդ տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան տղամարդ և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»:
Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Այդ պահին տղամարդը հարվածել է իրավապաշտպանի դեմքին, որի հետևանքում նրա աչքի տակ այտուցվել է:
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի Facebook-ի էջից