Ջեմ, տուկի թել, կարտոֆիլ, հինգ հազար դրամանոց: Սրանք «Արտ-լաբորատորիա» արվեստագետների խմբի կազմակերպած «Թումանյանական ընթերցումներ» ցուցանադեսի ցուցանմուշներն են:
Ողջ ցուցահանդեսը նվիրված է գալիք կիրակի սպասվող ԱԺ ընտրություններին: Վերոնշյալ ցուցանմուշներն էլ հուշում են, որ ընտրակաշառքների թեման կարևորներից է ցուցահանդեսում:
Ցուցահանդեսն անցնում է Թումանյանի տուն-թանգարանում, և դեռևս Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից կարելի է նշմարել թանգարանի մոտ տեղադրված 5000 դրամանոց մեծ ցուցանմուշը: Արդեն ցուցասրահներում ներկաներին ամեն ինչը հուշում է այն մասին, որ Հայաստանում ընտրությունների թեման այսօր ամենաարդիականն է:
«Արտ լաբորատորիայի» արվեստագետներին հաջողվել է վերարտադրել Հայաստանում տիրող մթնոլորտը. բացի որպես ընտրակաշառք տրվող իրերից, այստեղ կարելի է տեսնել նաև ցուցադրված ասֆալտ, որը սկսում են ակտիվորեն «փռել» Երևանում և մարզերում ընտրությունների նախօրեին: Ներկայացված են նաև տարբեր տեսանյութեր, որոնցից մեկը պատկերում է փետրվարի ընթացքում Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դրվագը, երբ մի կին պահանջում է «ազնիվ լինել» և իրեն էլ ընտրակաշառք տալ:
Մեկ այլ տեսանյութում ներկայացված է «Արտ-լաբորատորիայի» ընտրակաշառքների դեմ ուղղված ակցիան, որն իրականացվել է նույն հրազդանյան ընտրություններից հետո:
Ցուցասրահներում կարելի է անվճար վերցրնել և կարդալ նաև «Արտ-լաբորատորիայի» հեղինակած «Հորիզոն» թերթի առաջին համարը, որտեղ զետեղվել են մշակութաբան Վարդան Ջալոյանի, գրող Վահրամ Մարտիրոսյանի, հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանի, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի տեքստերը:
Արձակ տեքստերի շարքում առանձնանում է թումանյանական մոտիվներով գրված Արփի Ոսկանյանի հետևյալ բանաստեղծությունը.
Ընտրակաշառք
Գարունը եկավ ընտրություններով,
Ընտրություններն եկան թեկնածուներով,
Թեկնածուներն եկան ընտրակաշառքով.
Ընտրակաշառքը տանեմ ընտրողին տամ,
Ընտրողն ինձ ձայն տա.
Ձայնը տանեմ Սերժին տամ,
Սերժն ինձ պորտֆել տա.
Պորտֆելն ինձ տանիք անեմ,
Տանիքի տակ բիզնես դնեմ,
Բիզնեսն ինձ փող տա.
Փողը կիսվեմ Սերժի հետ,
Սերժն ինձ մենաշնորհ տա.
Մենաշնորհն ինձ ավելի շատ փող տա,
Փողը տանեմ տամ սափրագլուխներին,
Գնան, մարդկանց վախացնեն,
Մարդիկ իրենց բիզնեսներն ինձ տան,
Մի մասը սովից կոտորվի,
Մի մասը դառնա իմ ճորտը,
Մի մասն էլ արտագաղթի,
Դրսից փող ուղարկի մնացածներին,
Մնացածները առնեն իմ ապրանքները,
Ինձ փող գա, փող, շատ փող,
Մինչև գարունը նորից գա ընտրություններով,
Փողը տանեմ, կուտ առնեմ,
Կուտը տանեմ, տամ հարիֆներին.
Հարիֆները կուտն ուտեն, ձու ածեն,
Ձուն տանեմ տամ քաղաքացուն.
Հայաստանի հպարտ քաղաքացին
Տա ձվերս ջարդի:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի կողմից թիվ 7 ընտրատարածքում բաժանվող նամակները, որում Փաշինյանը ընտրողներին հետևյալ խոսքն է ուղղում. «Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա: Երբ Դուք ինձ դարձնեք Ձեր պատգամավորը, Հայաստանն ալեկոծվելու է զարմանքից, Ձեր շնորհիվ, Ձեր որոշմամբ` նորոգվելու է Հայաստանի հավատը»:
«Արտ լաբորատորիա» խմբի անդամ, արվեստագետ Կարեն Օհանյանի խոսքով` ցուցահանդեսի նպատակն է ժամանակակից արվեստի միջոցով ցույց տալ, թե ինչ է իրականում կատարվում այսօր Հայաստանի քաղաքական դաշտում:
Համաձայն Օհանյանի, եթե արվեստագետը պայքարում է իրական ազատության համար, ապա նրա դիրքորոշումը պետք է լինի ընդդիմադիր ներկայիս իշխանություններին:
«Հասարակությունը, այդ թվում արվեստագետները պետք է պայքարեն ազատության համար: Արվեստագետը պետք է ցույց տա ոչ միայն իշխանության, այլ նաև մի խումբ արվեստագետների կոռումպացված լինելը: Կան արվեստագետներ` Ֆորշը, Շուշան Պետրոսյանը, որոնք սատարում են իշխանություններին, ռեժիմին: Նրանք կոռումպացված են, նրանք փորձում են կրթել հասարակությունը ռեժիմի գաղափարներով, սակայն իրականաում արվեստագետն իր գործերի միջոցով պետք է վերհանի այն արդիական խնդիրները, որոնք առկա են հայաստանյան քաղաքական դաշտում: Հենց այդ նպատակն էլ հետապնդում է մեր ցուցահանդեսը», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Օհանյանը: