Գործող օրենսդրությամբ ցանկացած նախարարության, ցանկացած վարչական մարմնի պաշտոնական հիմնավորում չի կարող ունենալ որևէ իրավական արժեք:
Հիմնավորումը տվալ դեպքում սոսկ փաստական հիմք է` ՀՀ կառավարության կողմից դրա առնչությամբ վարչական վարույթ հարուցելու համար: Այս մասին ասված է ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին ՀՀ ԿԳ նախարարի հրամանների իրավաչափության և օրինականության վերաբերյալ Արդարադատության նախարարության պարզաբանման մեջ, որը փոխանցում է ԵՊԼՀ լրատվական ծառայությունը:
Ըստ Արդարադատության նախարարության` նշված փաստաթղթից բխում է, որ դրա հեղինակը իրազեկված է նախարարի կողմից ընդունված հրամանների վիճարկման փաստի մասին, այլապես ինչ կարիք կար դիմելու օրենսդրությամբ չնախատեսված և սոսկ հռչակագրի բովանդակություն ունեցող փաստաթուղթ հրապարակելուն:
«Միաժամանակ սահմանված կարգով ստացված բողոքները քննարկելու և Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին` ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով ամրագրված կարգով վարչական վարույթ հարուցելու և բողոքը սահմանված ընթացակարգով քննելու ու արդյունքներով վարչական ակտ կայացնելու փոխարեն` նախապատվությունը տրվել է իրավական արժեք չունեցող ինչ-որ ակցիայի:
Ընդ որում, անտեսվել է օրենսդրական այն տարրական կանոնը, ըստ որի բողոքարկվում է ոչ թե նախարարության, այլ կոնկրետ նախարարի հրամանը: Այլ կերպ ասած` բողոքի քննարկման պատասխանատուն ոչ թե նախարարությունն է, այլ նախարարը: Վերջին հաշվով վարչական դատաքննությամբ նախարարությունը իրավասու չէ որպես պատասխանատու հանդես գալ: Եթե անգամ ողջ նախարարությունն իրեն պատասխանատու է զգում ընդունված հրամանների իրավաչափության համար, ապա կարող է աջակցել նախարարին դատարանում սահմանված կարգով փաստարկներ ներկայացնելու գործընթացում:
Այսպիսով, վերը նշված ակցիան ամենամեղմ չափանիշներով անգամ չի կարող փոխարինել վարչական վարույթին», – ասված է պարզաբանման մեջ:
Համաձայն պարզաբանման` նախարարը թույլ է տվել արարք, որը դուրս է վերջինիս լիազորությունների շրջանակից:
Նախարարությունը, իր նախարարին գործատու համարելով, փորձում է վեճը տեղափոխել սոսկ քաղաքացիաիրավական հարթություն, մինչդեռ տվյալ դեպքում նախարարը հանդես է եկել արտաքին ներգործության վարչական ակտով իր անմիջական ենթակայության տակ չգտնող անձի իրավունքների սահմանափակմամբ, որը բացառապես վարչական դատավարության ոլորտին է առնչվում: Նախարարի բոլոր երեք հրամաններն էլ ենթակա են վիճարկման վարչական դատարանում, ասված է պարզաբանման մեջ: