Մաշտոցի պուրակի բնապահպանները և այնտեղ հավաքված երիտասարդությունն արեցին ամեն ինչ, որ մի քիչ բարձրացնեն ՀՀ նախագահի և նրա կուսակցության վարկանիշը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանն այցելել էր Մաշտոցի պուրակ և հորդորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապամոնտաժել այգում տեղադրված կրպակները:
«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Մաշտոցի պուրակում, նախագահի այդ ցուցումը՝ քանդել, ապամոնտաժել էդ կրապակները… ես ավելի վատ փիառ չեմ տեսել դեռ: Ես վստահ եմ, որ մի նոր Մաշտոցի այգի կլինի նաև նախագահական ընտրություններից առաջ և նորից նախագահը ցույց կտա իր «մտահոգությունը» երիտասարդության պայքարի նկատմամբ», – ասել է Միքայել Դանիելյանը և հավելել, որ տեղի ունեցածը շատ վատ նախընտրական փիառ էր և փիառի այդ ձևը վաղուց երևում էր:
«Այս քայլով մեկ անգամ ևս մեր իշխանությունները ցույց տվեցին, որ օրենքն իրենց համար զրո է, որովհետև մի քանի օր առաջ դա ինչ-որ մեկին պատկանում էր, իսկ հիմա որոշեցին քանդել: Իսկ ինչ վերաբերում է բնապահպաններին, ապա նրանք թող պատասխան պահանջեն իրենց ծեծված ընկերների համար, պահանջեն, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն մեղավոր ոստիկանները»,- ասել է Միքայել Դանիելյանը:
Գրող, հրապարակախոս Լիզա Ճաղարյանը նույնպես համարում է, որ Սերժ Սարգսյանի այցը նախընտրական քարոզարշավի շրջանակներում է տեղավորվում:
«Սերժիկ Սարգսյանի «պատահական» այցը Մաշտոցի պուրակ նախընտրական խեղկատակություն էր: Ընդամենը: Բայց տխրահռչակ Հանրապետականի առավել տխրահռչակ առաջնորդի պարագայում ես այլ բան չէի էլ սպասում. ոչ զարմացա, ոչ էլ զայրացա: Իսկ բնապահպանների հրճվանքը «հաղթանակի» առթիվ… Ի՞նչ ասեմ. երբեք համամիտ չեմ եղել այն ամպագոռգոռ որակումներին, ըստ որոնց` Մաշտոցի պուրակից է սկսվում երկրիս ազատությունը, Մաշտոցի պուրակից պետք է դասեր քաղենք, Մաշտոցի պուրակում է ձևավորվում ՀՀ քաղաքացին… Դե, սաղավարտավորների «վճռական» ներկայացման մասին էլ չխոսեմ, ցավում եմ, որ այնտեղ ինձ հարգելի մարդիկ կան: Ով ինչպես ճիշտ է համարում, այնպես էլ պայքարում է, բայց մի քանի բուտիկի և մի քանի բոլտի համար ամիսներ շարունակ անպտուղ պայքարողների մեծագույն սայթաքումն այն էր, որ «անգիտակցաբար» իրենց պայքարը գրեթե հավասարեցրին Սարդարապատի հերոսամարտին: Դե, Սերժիկն էլ եկավ ու «բոցաշունչ հաղթանակի» քամին տատանեց: Անցած լինի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Լիզա Ճաղարյանը: