Վերջին մի քանի օրերի ընթացքում շատ վիրավորանքներ հնչեցին դասախոսներից ուսանողներին և հակառակը: Ազատ Ուսանողների Ֆորումը դատապարտում է նման պահվածքը թե ուսանողների, թե դասախոսների կողմից և ուզում հստակեցնել բոլոր կողմերի համար, որ ոչինչ դեմ չունի ոչ դասախոսների, ոչ էլ նորանշանակ պաշտոնակատար Գայանե Գասպարյանի դեմ, որի ունեցած ավանդը և վաստակը խորոպես գնահատում է: Այս մասին ասված է Ազատ ուսանողների Ֆորումի տարածած հաղորդագրության մեջ:
«Եվս մեկ անգամ կուզենք հստակեցնել, որ մեր պայքարը անձնավորված չէ. մենք չենք պայքարում ինչ-որ մեկի համար կամ ինչ-որ մեկի դեմ, մեր նպատակը մարդկանց դատապարտելը չէ, այլ` երևույթները: Մեր պայքարը օրենքի գերակայության և մարդու` մասնավորապես ուսանողների, իրավունքների պաշտպանվածության համար է. մի բան, որը նաև մեր իշխանություններն են կարևորում իրենց ելույթներում: Այսինքն կարելի է ասել՝ Ֆորումը կատարում է հանրօգուտ գործ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների հասարակական ակտիվությունը և իրենց իրավունքների և պարտականությունների քաջատեղյակությունը: Այդ իսկ պատճառով մեզ` ուսանողներիս, չի կարող վերաբերել Պարոն Զոլյանի միջանձնային խնդիրները դասախոսների կամ համալսարանի այլ աշխատակիցների հետ, մինչ այն պահը, երբ օրենքի ոտնահարում չկա», – ասված է հաղորդագրության մեջ:
Ուսանողները նշում են, որ եթե հրապարակային, այլ ոչ թե քողարկված, ուսանողների աչքից հեռու խախտվի մեկ այլ դասախոսի, ուսանողի իրավունք, նույնն անելու են նրա համար:
«Մեր շարքերում են այնպիսի ուսանողներ, ովքեր մի քանի տարի առաջ տեսնելով, որ մեր քաղաքում փակցվել էին մեր որոշ դասախոսներին կաշառակեր համարող, նրանց բարձր պատիվը և համբավը վարկաբեկող նկարներ, ոտքի ելան և պայքարեցին հանուն մեր վաստակաշատ դասախոսների, այն դեպքում, երբ ոչ մի այլ ԲՈՒՀ-ի ուսանող անգամ չփորձեց նման բան անել: Ավելին, կան ուսանողներ, ովքեր ՈՒԽ նախագահի՝ մամուլին տված անպատասխանատու հայտարարությունից հետո, թե Մաշտոցի պուրակի հարցը ուսանողներիս խնդիրը չէ, ապացուցեցին հանրությանը, որ ԵՊԼՀ- ում սովորում են ինքնորոշված և իրենց քաղաքի խնդիրներով մտահոգ ուսանողներ: Ուղղակի պետք է հպարտանալ, որ մեր ուսանողները առանց վախենալու բարձրաձայնում են իրանց պահանջների մասին, այլ ոչ թե շատ դասախոսների նման տարիներ շարունակ լռում և սպասում նման հարմար առիթի, որպեսզի քարկոծեն ռեկտորին և բարձրաձայնեն իրենց խնդիրների մասին: Եթե նրանք, ըստ իրենց, ունեցել են խնդիրներ կարող էին բարձրաձայնել դրա մասին ավելի շուտ: Իսկ եթե մտածել են իրենց աշխատանքի մասին, ապա ուսանողներն էլ մտածելու բան ունեն, որովհետև նրանք բավականին մեծ չափով գումար են վճարում իրենց կրթության համար և իրենց վճարածն էլ է վտանգի տակ: Այնպես որ կխնդրեմ դասախոսներին մեզ վիրավորելու և քարկոծելու փոխարեն հպարտանալ, որ գոնե իրենցից քաջ գտնվեցինք», – նշում են հայտարարության հեղինակները` հայտարարելով, որ իրենք դասախոսների դեմ ոչինչ չունեն և հարգում են նրանց վաստակը` ակնկալելով փոխադարձ հարգանք և ըմբռնում: