«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գնել է Լատվիայի մայրաքաղաքում գտնվող «Ռիգա» խոշոր հյուրանոցային համալիրը: Հյուրանոցի ձեռքբերման վերաբերյալ կնքված պայմանագրի մասին հայտնում է Regnum գործակալությունը` հղում կատարելով Լատվիայում իր աղբյուրին:
Չհստակեցված տեղեկություններով ` գործարքի գումարը 60 մլն եվրո է կազմում:
Գործակալությունը նշում է, որ «Բարգավաճ Հայաստանը» իշխանական կոալիցիայի անդամ է, իսկ հայկական կառավարության առաջնային խնդիրներից մեկը տեղական տուրիզմի ներուժի զարգացումն է:
Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» բազմաճյուղ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2011 թվականի դեկտեմբերին այցելել էր Լատվիա: Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ իր այցի նպատակը «Ռիգա» հյուրանոցի գնման վերաբերյալ բանակցություններն են:
«Ռիգա» հյուրանոցը 2004 թվականից պատկանում է «MIRA-G» ընկերությանը: 1878 թվականից «Ռիգա» հյուրանոցը կարևոր տեղ է զբաղեցնում Լատվիայի մայրաքաղաքի պատմական և ազգային արժեքների շարքում: Այս վայրում կառուցված առաջին հյուրանոցը` «Hotel Rome»-ը, ավերվել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին: Այն բանից հետո, երբ փլատակները վերացվեցին, հյուրանոցը նորից կառուցվեց և ստացավ ներկայիս անվանումը: Հյուրանոցում 232 համար կա: