Թիվ 15 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, նախկին քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանը, ում սատարում է Հայ Ազգային Կոնգրեսը, երեկ Թալինում կայացած հանրահավաքի ընթացքում կոչ է արել քվեարկել ցանկացած այլ, ոչ իշխանական թեկնածուի օգտին, եթե անգամ չեն ցանկանում իրեն ձայն տալ: ՀԱԿ-ը երեկ մարզային հանրահավաքների վերջին շարքն է անցկացրել Արագածոտնի և Շիրակի մարզերում:
Թալինում Մկրտիչ Սափեյանի մասին խոսել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ընդգծել է, թե այսօրվա ԱԺ-ի միակ պրոբլեմը կոճակ սեղմողների համքարությունն է:
«Մարդիկ, որոնք չունեն տեսակետ, որոնք շարժվում են նրանով՝ ինչ կասեն իրենց վերևից… սակայն Մկրտիչ Սափեյանը չունի վերև, իր վերևը ժողովուրդն է, և նա որևէ մեկի ասելով կոճակ սեղմող չի», – նշել է Արամ Սարգսյանը:
Թալինում ելույթ ունենալով՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էլ նշել է, որ Կոնգրեսի խնդիրը սոսկ ԱԺ-ում իր ներկայությունն ապահովելը չէ, այլ իրենց նպատակն է՝ փոխել իրականացվող քաղաքականությունը, այն քաղաքականությունը, որի արդյունքում երկիրը դատարկվում է, այն քաղաքականությունը, որի հետևանքով աճում է սոցիալական անհավասարությունը:
Թալինից հետո Կոնգրեսը հանդիպումներ է անցկացրել նաև Արագածավանում, Մարալիկում, Արթիկում և Գյումրիում:
Արթիկում իր ելույթի ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ գնալով ավելի մեծ թվով մարդիկ են գալիս Կոնգրեսի նախընտրական հանրահավաքներին, և «սա նոր որակ է»:
«Նոր շունչ է գալիս, նոր թարմ օդ է գալիս, ես վստահ եմ այս նոր ոգին մի քանի օրվա ընթացքում կհասնի ամսի 6-ին և այդ օրը մենք կշնորհավորենք մեր հաղթանակը: Ամսի 6-ին, ես կարծում եմ, հայ ժողովուրդը իր համարձակ ձայնը կասի դեպի հաղթանակ, դեպի ՀԱԿ, և «ոչ» կասի էսօրվա իշխանություններին, «ոչ» կասի Սերժ Սարգսյանին և իրա ՀՀԿ-ին, ժողովուրդը արդեն հոգնել է սրանցից», – հայտարարել է Արամ Մանուկյանը:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյան էլ Գյումրիում ելույթի ժամանակ, խոսելով բնակիչների տարբեր մեթոդներով վախեցնողների մասին, որպես դատախազ հավաստիացրել է, որ Հայաստանի օպերատիվ ծառայությունները չունեն այդքան հնարավորություն՝ «ոչ նկարահանող գրիչ ունեն, որ նկարի, թե ում քվեարկեցին, ոչ վերևից են նկարելու, ոչ տակից, ոչ էլ կողքից»:
«Դուք մայիսի 6-ին քվեախցիկում, ոնց որ ժամում մոմ վառելիս, պիտի Աստծո ու ձեր խղճի հետ հաշտ լինեք ու արդար լինեք», – ասել է Գագիկ Ջհանգիրյանը:
Գյումրիում ելույթ է ունեցել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով հիշեցրել է գյումրեցիներին, որ ինքն այդ քաղաքում կառուցել և ավարտել է չորս գործարան, և ներողություն է խնդրել՝ ասելով, որ 14 պիտի կառուցեին, բայց այդքան կարողացան անել: Այնուհետև տեղեկացրել է, որ այդ գործարաններից ոչ մեկն այսօր չի աշխատում:
«Էն նեղ տարիներին տրոլեյբուսի գիծ կառուցեցինք Գյումրիում՝ ճիշտա՞, թե չէ: Կար տրոլեյբուսի գիծը, հավաքին տարան ծախին պղինձը: Բա հիմա հասկացա՞ք՝ ինչի պիտի ՀՀԿ-ին ոչ մի ձայն չտանք: Էս տեսակից պիտի ազատվել, սարանչայի նման եկել են մեր երկիր»,- ասել է Հրանտ Բագրատյանը:
Նշենք, որ Շիրակի մարզում Կոնգրեսից առաջադրվել է երեք պատգամավորության թեկնածու՝ Շալիկո Զորյան (33 ընտրատարածք), Մուրադ Գրիգորյան (34 ընտրատարածք), Պետրոս Մակեյան (36 ընտրատարածք):