Աբովյանում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կոչ է արել թիվ 28 ընտրատարածքում քվեարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգտին:
«Մենք այնտեղ, որտեղ պատգամավորի թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին: Եվ այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտին», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ թիվ 28 ընտրատարածքում միայն մեկ թեկնածու կա` Գագիկ Ծառուկյանը:
Իր ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, իսկ դա նշանակում է, որ այն ձգտում է ձևավորել այնպիսի հասարակություն, որն ունի արժեքային կայուն համակարգ և առաջնորդվում է հստակ սկզբունքներով:
«Մեզ համար առաջին տեղում մարդու և ազգի անվտանգությունն է: Առանց այդ անվտանգության, մնացած ամեն ինչի մասին միանգամից կարելի է մոռանալ: Սա հիմքերի հիմքն է, մեր գոյության խարիսխը: Նախ՝ մարդու անվտանգության մասին: Նա պիտի լինի պաշտպանված և ապահով թե՛ տանը, թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում: Պաշտպանված և՛ ֆիզիկապես, և՛ իրավական առումներով: Մենք դա անում ենք հետևողականորեն: Նաև կատարելագործում ենք առկա մեխանիզմները: Ե՛վ ոստիկանությունում, և՛ դատաիրավական համակարգերում մենք նախաձեռնել և իրականացնում ենք լրջագույն փոփոխություններ, որոնք ուղղված են հենց մարդու ապահովությանն ու պաշտպանվածությանը: Անհատական ազատությունները մենք դիտարկում ենք որպես անձի անվտանգության կարևորագույն մաս: Մենք ամեն ինչ անում ենք ապահովելու համար ազատ ընտրության հնարավորությունները, մե՛նք ենք, որ պատասխանատու ենք դրա համար: Մենք շարունակելու ենք նույն ոգով, բայց ավելի մեծ եռանդով, որովհետև խոսքն անձի իրավունքների և պաշտպանվածության մասին է: Իսկ դա, ինչպես նշեցի, քաղաքական ուղեգծի հիմքն է», – ՀՀ նախագահի խոսքերը փոխանցում է ՀՀԿ մամուլի ծառայությունը:
Խոսելով ազգի անվտանգության մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ այն Հայաստանի, Արցախի և ողջ հայության առջև նորովի ծառացել է Հայաստանի անկախացումից ի վեր:
«Անցած ժամկետում հսկայական գործ է արվել, ինչի արդյունքում ապահովվել է հավասարակշռություն հավանական հակառակորդի նկատմամբ: Կտրուկ հզորացվել է պետության պաշտպանական ներուժը: Այդ մասին երկար կարելի է խոսել, բայց ես կարճ ասեմ. մենք շարունակում ենք խաղաղություն պարտադրել: Սա է ամենամեծ և գլխավոր արդյունքը», – նշել է Սերժ Սարգսյանը:
Նա ներկաներին կոչ է արել մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին:
«Այս ընտրությունների արդյունքներից է կախված, թե ինչ ճանապարհով է Հայաստանի Հանրապետությունն առաջ գնալու: Այս ընտրությունների արդյունքներից են կախված, թե որ քաղաքական ուժն է մեր երկրի ղեկին լինելու: Բոլորս պետք է հասկանանք նաև, որ այս ընտրությունները մեծ հնարավորություն են տալիս ընտրել օրինական իշխանություններ ազատ, արդար ընտրությունների միջոցով և որ այդպիսի միջոցներով ընտրված իշխանությունները կարող են լինել շատ ավելի համարձակ և կարող են շատ ավելի լուրջ բարեփոխումներ իրականացնել: Մյուս կողմից էլ բոլորիդ խորհուրդ եմ տալիս թշնամանքը չավելացնել: Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7, 8, 9-ը, այսինքն կյանքը շարունակվելու է: Եվ ցանկալի է, որպեսզի մենք ընտրություններից հետո լինենք ավելի միասնական, որպեսզի կարողանանք մեր ջանքերը համադրել և ունենալ, կառուցել ավելի լավ Հայաստան», – ասել է Սերժ Սարգսյանը:
Իր ելույթում ՀՀԿ նախագահը նշել է, որ եկել է Կոտայքի մարզ կոչ անելու քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին:
«Դուք գիտեք, որ այս տարածաշրջանում ՀՀԿ-ն առաջադրել է և պաշտպանում է պարոն Համլետ Հայրապետյանին, ով ձեր դիմաց կանգնած է և ով կարող է արժանապատվորեն ներկայացնել Կոտայքի տարածաշրջանը Հայաստանի Ազգային Ժողովում», – ասել է Սարգսյանը:
Նշենք, որ Հարությունյանն առաջադրվել է թիվ 27 ընտրատարածքում:
Լուսանկարը` azatutyun.am