Երեկ առավոտվանից Բուզանդի փողոցը փակ էր. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կենտրոնական շտաբում պետք է հանդիպեր կուսակցության Կենտրոնի ակտիվի հետ: Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և Կենտրոն վարչական շրջանում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուներ Ռուբեն Սադոյանն ու Գարեգին Նուշիկյանը մոտ երկու ժամ սպասում էին Սերժ Սարգսյանին:
«Ժողովուրդ» թերթի փոխանցմամբ` այդ ընթացքում լրագրողները փորձել են հարցեր ուղղել ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանին, սակայն Երևանի նախկին քաղաքապետը հերթով բոլորին մերժում էր` նշելով, որ երկու շաբաթից հետո նոր կխոսի:
Իսկ երբ «Հրապարակի» լրագրողը կրկին պնդել է, Բեգլարյանն առաջարկել է խոսել կյանքից: «Իմ կյանքը լավ է, պարոն Բեգլարյան, ուզում եմ Ձեր կյանքից բաներ իմանալ»,- ասել է լրագրողը: Դիտարկումը, թե ինչ իմաստ ունի խորհրդարան գնալն ու քաղաքականությամբ զբաղվելը, եթե հարցերին չի պատասխանելու, Բեգլարյանին հունից հանել է. «Աղջիկ ջան, դու հո հոգեկան հիվա՞նդ չես, գնա էստեղից»: