ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի 28 պատգամավորների դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանն արդեն քաղաքական որոշում է կայացրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ պատգամավորները դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան և պահանջում են հակասահմանադրական ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:
Թերթը նշում է, որ խորհրդարանական կուսակցությունների և արտախորհրդարանական ՀԱԿ-ի համատեղ պայքարը նպատակ ունի ստանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը, քանի որ անճշտություններն ընտրակեղծիքների լայն հնարավորություն են տալիս:
«Սակայն Սերժ Սարգսյանն իր «միջնորդավորված խնամի» ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ (Սերժ Սարգսյանի դուստրն ամուսնացած է Գագիկ Հարությունյանի աներորդու հետ – խմբ.) օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքական որոշումն արդեն կայացրել է: Ըստ մեր տեղեկությունների` ուժային շրջանակներին արդեն հայտնի է, որ ՍԴ-ն բառախաղերով շաղախված ձևակերպումներով լի մի փաստաթուղթ է տալու, որով դիմումի մերժումը կպատճառաբանվի որպես ընտրական իրավունքի գաղտնիության բացահայտում: Իսկ դա ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է», – գրում է «Ժողովուրդը»:
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը նույն դիմումի առնչությամբ նշում է, որ այն խնդիրներ է առաջացրել «Ժառանգություն» կուսակցությունում:
«Բնականաբար, ինչպես և սպասելի էր, «Ժառանգության» պատգամավորները, որոնք ամեն պատի տակ խոսում են ագատ և արդար ընտրություններ անցկացնելու հրամայականի մասին, չեն միացել ՍԴ դիմելու ԲՀԿ-ՀՅԴ նախաձեռնությանը», – նշում է թերթը:
«ՉԻ»-ի տեղեկություններով` խնդրի շուրջ բավական լարված քննարկում է տեղի ունեցել «Ժառանգության» վարչությունում:
«Մի քանի ժառանգականներ ասել են, որ այդ լրջագույն նախաձեռնությանը չմիանալը ուղղակիորեն կհարվածի «Ժառանգությանը», քանզի իրենք որևէ կերպ չեն կարողանալու ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ չեն պահանջում, որ ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարակվեն, այն, ինչ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում բղավելով պահանջում էին «Ժառանգության» պատգամավորները: Հավաքի ընթացքում անգամ մեղադրանքներ են հնչել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, թե ուրեմն ճիշտ են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` Րաֆֆին գործարքի է գնացել ՀՀԿ-ի հետ: Ինչպես փաստում են մեր աղբյուրները, Րաֆֆի Հովհաննիսյանը ափերից դուրս է եկել ու սովորաբար բավական շուստրի այդ սփյուռքահայը, որը տիրապետում է իր էմոցիաներին, սկսել է գոռգոռալ, որ իրենք ուղղակի չեն կարող միանալ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ- նախաձեռնությանը: Ավելին, նա նաև ասել է, որ այդ նախաձեռնությանը միանալը կնշանակի ընդհանրապես չեզոքացնել խորհրդարան մտնելու որևէ շանս: Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, բնականաբար, ներկաները պարզորոշ հասկացել են, որ ՀՀԿ-ից իրենց նորագույն հաճախորդ «Ժառանգությանը» սպառնացել են, որ եթե միանան ՍԴ դիմելու նախաձեռնությանը, ապա խորհրդարանի երեսը չեն տեսնի», – գրում է օրաթերթը:
«ՉԻ»-ն նշում է նաև, որ իշխանական թևից եկող տեղեկությունների համաձայն էլ` ՀՀԿ-ն, բոլոր դեպքերում, վերջին պահին «քցելու» է «Ժառանգությանը» և «խորհրդարան են բրդելու հին կլիենտուրային` ի դեմս Արթուր Բաղդասարյանի»: