Երեկ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելելով Մաշտոցի պուրակ, նրան հանձնարարել է ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները` այսպիսով պուրակի հարցը վերածելով սեփական գործիքի, գրում է «Հայկական ժամանակը»:
«Թե որքանով է ակցիան նախապես պլանավորված եղել, դժվար է ասել, բայց հաշվի առնելով ապամոնտաժող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կնոջ սկանդալային հայտնությունը ՀՀԿ համամասնական ցուցակում, որևէ բան բացառել չի կարելի», – նշում է թերթը` հավելելով, որ կրպակների մասին հանձնարարական տալով` Սարգսյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:
«Երևանը համայնք է, Տարոն Մարգարյանն էլ համայնքի ղեկավար է: Նախագահը նման խնդիրներ լուծելու լիազորություններ չունի: Տեղական ինքնակառավարման և պետական կառավարման լիազորությունները իրարից սահմանազատված են, գործադիրի գլուխը, պետության գլուխը իրավունք չունի ինքնակառավարման մարմնի ղեկավարին հանձնարարություններ տալ»,- թերթին ասել է Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության գրասենյակի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը:
Լուսանկարը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից