Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների պատասխանատուն Երևանի քաղաքապետն է. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը: Այս մասին երեկ տարածած հայտարարության մեջ նշել են Մաշտոցի պուրակում բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստները՝ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության և նրա կողմից Երևանի քաղաքապետին տրված ապամոնտաժման մասին ցուցումների հետ:
Ակտիվիստներն իրենց հայտարարության մեջ ընդգծում են հետևյալ կետերը.
– Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության,
– արդեն շուրջ 80 օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետը բացահայտ անգործություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակի ապօրինաբար կառուցապատվող հանրային տարածքը երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործում,
– Երևանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երևանցիների կամքին և ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին և դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց և նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և ժողովրդի գերակա շահով:
Անդրադառնալով այն փաստին, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել ոստիկաններին պուրակում իրենց աշխատանքի համար՝ ակտիվիստները նշում են, որ ոստիկանության գործողությունների նկատմամբ գնահատականները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, հանրային սեփականության պաշտպանությունից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունից:
«Պետք է դատապարտել ոստիկանության բռնության և ոչ իրավաչափ գործողության որևէ դրսևորում, այլ ոչ թե շնորհակալություն հայտնել և համարել դա ձեռքբերում», – նշում են հայտարարության հեղինակները:
Իրենց հայտարարության մեջ ակտիվիստները պահանջում են.
Երևանի քաղաքապետարանից`
- անհպաղ պաշտոնապես չեղյալ համարել Մաշտոցի պուրակում ապօրինի կառուցապատման մասին որոշումներն ու վերադարձնել պուրակը հանրությանը` ապամոնտաժելով բոլոր ապօրինի կառույցները,
- կատարել բարեկարգում` հաշվի առնելով լայն հանրության կարծիքը և իրական մասնակցությունը որոշումների կայացմանը:
ՀՀ պատկան մարմիններից`
գտնել և պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումների բոլոր պատասխանատուներին, վերականգնել համայնքին հասցված նյութական վնասը և պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարած պաշտոնյաներին և այդ ապօրինությունների արդյունքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: