Մայիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ կատարած «եկա, տեսա, սիրուն չէր» այցից հետո ավելի է ընդգծվում քաղաքապետի անզորությունը` իրավական դաշտում հարցեր լուծելու և համայնքին հաշվետու լինելու հարցում, նշում են Մաշտոցի պուրակի ակտիվիստները: Այս կապակցությամբ, մայիսի 4-ին` ժամը 12.30-14.00 նրանք երթ-ակցիա կանկացնեն Մաշտոցի պուրակից դեպի քաղաքապետարան` Տարոն Մարգարյանին խորհրդանշական նվեր մատուցելու համար: Այս մասին ասված է Facebook սոցիալական ցանցում «Մենք ենք այս քաղաքի տերը» խմբի կողմից ստեղծված միջոցառման էջում:
Էջում նշվում է, որ «Անակնկալ Տարոն Մարգարյանի համար» ակցիայի շրջանակներում քաղաքապետին մատուցվելիք նվերը «անվտանգ է առողջության համար»:
Երթը հետևյալ երթուղին է ունենալու` Մաշտոցի պուրակ, Մաշտոցի պողոտա, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, քաղաքապետարան:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Մաշտոցի պուրակ և հորդորել էր Տարոն Մարգարյանին ապամոնտաժել տեղադրված կրպակները: Մայիսի 3-ին Տարոն Մարգարյանի որոշումով ուժը կորցրած ճանաչվեց Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ընկերությանը տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը և սկսվեց դրանց ապամոնտաժումը: