Նորվեգացի գեղանկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը վաճառվել է ռեկորդային 119,9 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` նշելով, որ սա ամենամեծ գումարն է, որ երբևէ աճուրդում վճարվել է արվեստի գործի համար:
Մունկի կողմից ստեղծված «Ճիչ»-ի չորս տարբերակներից մեկը աճուրդի էր հանել նորվեգացի Պետեր Օլսենը, ում հայրը նկարչի ընկերն է եղել: Գնորդի անունը չի հրապարակվում:
«Ճիչ»-ի այս տարբերակը անհատին պատկանող միակ նկարն է:
Կտավի մեկնարկային գինը 80 մլն դոլար էր: AFP-ն հաղորդում է, որ գինը հասել է 119,9 մլն-ի ընդամենը 12 րոպեում:
Նորվեգացի էքսպրեսիոնիստ նկարիչ Մունկի «Ճիչ»-ը համարվում է պատմության ամենաճանաչելի նկարներից մեկը: Կտավների այս շարքը նկարիչը ստեղծել է 1893-1910 թվականներին: