Home / Հայաստան / Կառավարությունը ծրագիր է հաստատել. խոստանում են մինչև 2000 աշխատատեղ

Կառավարությունը ծրագիր է հաստատել. խոստանում են մինչև 2000 աշխատատեղ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստին հավանություն է տվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ընկերության կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին։

Հիմք ընդունելով «Հայկական բերքի առաջմղման կենտրոն»-ի ներկայացրած ներդրումային ծրագիրը, գործադիրը համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետի` Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ժամանակակից տեխնոլոգիայով ջերմատների կառուցման նպատակով Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 69.83 հա հողամասի առանձին հողակտորների ուղղակի վաճառքի ձևով օտարման առաջարկությանը։

Սահմանվել է, որ ներդրումային ծրագրի պատասխանատուն և կառավարիչն է հանդիսանալու է վերոնշյալ ընկերությունը, որը կարող է ներդրողներ ընտրել մինչև 2014-ի դեկտեմբերի 1-ը։

Համաձայն ՀՀ կառավարության կայքի, երեք տարվա ընթացքում նախատեսվում է կատարել շուրջ 35-40 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 1500-2000 աշխատատեղ։

«Սա որակապես նոր ծրագիր է՝ նոր մոտեցումներով և ֆինանսական մեխանիզմներով, – այդ առնչությամբ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – Պետություն-մասնավոր համագործակցությամբ մենք ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի տարբեր մասնավոր ընկերություններ ներդրում կատարեն և մասնակցեն Հայաստանի Հանրապետության ջերմոցային տնտեսության զարգացմանը։ Կան միջազգային գործընկերներ, որոնք Հայաստան են բերելու եվրոպական լավագույն փորձը։ Դա էլ հնարավորություն է տալու, որ այդ ծրագրի դրական փորձը տարածենք մարզերում` ստեղծելով լրացուցիչ հազարավոր աշխատատեղեր»։