Երկրի տնտեսական և քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է: Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում: Այս մասին այսօր «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մեկնաբանելով իշխանությունների կողմից հնչեղվող այն միտքը, թե վերջին տարիներին մարդկանց ապրուստը առանձնապես չի վատացել և որ Հայաստանի տնտեսությունը այնքան էլ վատ վիճակում չէ:
«Յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Ի վերջո, դա վերածվում է անտարբերության և հասարակական համընդհանուր անվստահության: Իսկ դրանք ամենևին էլ մեծ գործեր անելու տրամադրություններ չեն», – ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով` Հայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանն անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է:
«Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ», – ասել է Քոչարյանը: