Օրերս պարզվել է Հայաստանում առկա ընտրողների իրական թիվը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը ՀՀ ընտրական օրենսգրքով պարտավոր է ընտրողներին ծանուցել ընտրությունների օրվա և նրա քվեարկության տեղամասի գտնվելու վայրի մասին, և հավելում, որ Վիզաների վարչությունը «Հայփոստին» պատվիրել է մեկ միլիոն 900 հազար ծանուցման առաքում:
Սա այն դեպքում, երբ ՀՀ ընտրողների պաշտոնական թիվը 2 միլիոն 482 հազար է:
ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Վաղինակ Քոչարյանը թվերի այս անհամապատասխանությունը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում պատճառաբանել է` հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի այն դրույթին, ըստ որի՝ ծանուցագրերը ուղարկվում են մեկից ավելի տեղամաս ունեցող համայնքների ընտրողներին:
Այսինքն, ըստ Քոչարյանի, 580 հազարից ավելի ընտրողներ ապրում են համայնքներում, որտեղ ընտրողների թիվը երկու հազարից պակաս է: Ստացվում է, որ Հայաստանում առնվազն 290 բնակավայր կա, որտեղ երկու հազարից պակաս ընտրող կա:
Թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանությունից ակնկալում է ստանալ այդ բնակավայրերի ցուցակը, որովհետև կարծում է,որ սա կասկածելի ցուցանիշ է:
«Բայց սա տվյալ հարցին առնչվող ամենակարևոր տեղեկությունը չէ: Մեր տեղեկություններով, ոստիկանության առաքած մեկ միլիոն 900 հազար ծանուցումից մոտ 750 հազարը հետ է եկել, որովհետև պարզվել է, որ այդ ծանուցումների հասցեատերերը չեն բնակվում Հայաստանում: Ստացվում է, որ ՀՀ-ում առկա ընտրողների իրական թիվը մեկ միլիոն 150 հազար է: Սա՝ լավագույն դեպքում», – գրում է թերթը: