ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որևէ մասնակցություն ունենալու ցանկություն չի ունեցել և չունի: Ըստ նրա` դա նախագահի գործը չէ` ոչ նախկին, ոչ էլ գործող: Այս մասին Քոչարյանն ասել է «Մեդիամաքսին» տված հարցազրույցում:
Քոչարյանի խոսքով` ինքը չի կարող խուսափել որոշ պարզաբանումներ տալուց, քանի որ նախընտրական ժամանակաշրջանում ու տարբեր համատեքստերով իր հետ կապված տարբեր հրապարակումներ եղան:
Քոչարյանը նշել է, որ սերտ համագործակցություն է ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չի հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից:
«Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի և քաղաքական մրցակցության երաշխավորի դերում:
ԲՀԿ-ն այն կուսակցություններից մեկն է, որի հետ համագործակցել եմ այդ ձևաչափով: Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երևի թե այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների և մարզպետների մեծամասնությունը», – ասել է նա:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելուն, ապա Քոչարյանը հայտարարել է, որ հենց ինքն է համոզել նրան` չանդամակցել ԲՀԿ-ին և չմասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին:
«Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին:
Իսկ ընդհանուր առմամբ, ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հաջողում է եւ ժողովրդականության զգալի աճ է արձանագրում: Կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա», – ասել է Քոչարյանը: