Home / Հայաստան / Քոչարյանն իրեն ընդդիմություն չի համարում, բայց իշխանության հետ հարաբերությունները միանշանակ չեն

Քոչարյանն իրեն ընդդիմություն չի համարում, բայց իշխանության հետ հարաբերությունները միանշանակ չեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ անդրկուլիսյան պայմանավորվածություն իշխանության հետ չունի և չի կարող ունենալ: Այս մասին նա ասել է «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

«Իշխանությունը ուղիղ և հրապարակային պատասխանատվություն է կրում իր գործունեության արդյունքների համար, ու երկրի կառավարմանը մասնակցելու նպատակով ձեռք բերված ցանկացած ստվերային պայմանավորվածություն պարզապես վնասակար է, քանի որ խեղաթյուրում է իշխանության և պատասխանատվության միջև առկա ուղղակի կապը: Եվ անհատների ով լինելն այստեղ որևէ նշանակություն չունի», – ասել է երկրորդ նախագահը:

Նրա խոսքով` իր հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն:

«Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաև նախագահին:

Ինձ ընդդիմություն չեմ համարում և հարթ անձնական հարաբերություններ եմ պահպանել իմ կառավարման շրջանում իշխանության մեջ եղած եւ այժմ էլ պաշտոններ ունեցող շատերի հետ: Պաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն և դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին:

Արդեն 3 տարի է` աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, և ինձ համար այդ գործը հետաքրքիր է: Ուշադիր հետևում եմ հայաստանյան անցուդարձին (ապրում եմ այստեղ, թեեւ հաճախ ճանապարհորդում եմ): Փորձում եմ չներքաշվել ներքաղաքական գործընթացների մեջ», – ասել է Քոչարյանը: