Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները սկսել են բացել ընտրակաշառքի տոպրակները, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը` ընդգծելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը առանձնապես ջանքեր չի գործադրում դրա դեմն առնելու համար:
«Այս ընտրատարածքում ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանը` Բենզին Ռուբոն, շենքը 150 հազար դրամով է «առնում»: Մասնավորապես` վերջինս ամեն շենքից թիրախավորել է 30 ձայն` յուրաքանչյուրի համար նախատեսելով 5000-ական դրամ: Բենզին Ռուբոն այդ գումարները նախընտրում է բաժանել ԺԵԿ-ի պետերի և ՀՀԿ-ական շտաբներում «տասովշիկ» աշխատող երիտասարդների միջոցով», – գրում է թերթը:
«ՉԻ»-ն նշում, որ Չարբախում գտնվող «Մուշ» մսամթերքի արտադրամասի ղեկավարը նույնպես հորդորել է իր աշխատակիցներին քվեարկել Բենզին Ռուբոյի օգտին: Վերջինս երեկ սկսել էր ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Էրեբունի համայնքում: Ասֆալտապատման արդյունքում Բենզին Ռուբոն ակնկալում է ստանալ թաղի տեղական ֆեոդալի «դաբրոն»:
Թերթը անդրադառնում է նաև նույն ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուին` Անահիտ Բախշյանին, նշելով, որ վերջինիս անունից Շիրակի 2 Ա հասցեում գտնվող հանրակացարանում second hand-ից հագուստ են բաժանել մարդկանց: