Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյունի պահը. «Ելույթները միջադեպից հետո անթույլատրելի էին» (թարմացվում է)

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյունի պահը. «Ելույթները միջադեպից հետո անթույլատրելի էին» (թարմացվում է)

23:30 Facebook սոցիալական ցանցում ականատեսները նշում են, որ միջադեպից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանրահավաքի իր ելույթն է ընթերցել, բայց պատահարի մասին ոչինչ չի ասել: Մեր տեղեկությունների համաձայն, Սարգսյանը հանրահավաքից հետո այցելել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ մտել է պալատներից մեկը:

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Facebook-ում պատահարի առնչությամբ հետևյալ գրառումն է արել.

–  Ես ցնցված եմ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից: Ըստ լուրերի՝ ավելի քան երեսուն մարդ, հիմնականում՝ երեխաներ ու երիտասարդներ, այրվածքներ են ստացել: Առավել ցնցված եմ այն հանգամանքից, որ երկրի ղեկավարն այդ դեպքից հետո ներկայացրել է իր կուսակցության նախընտրական ծրագիրը: Ապշած եմ, որ այդ ամենին համերգ է հաջորդել: Ապշած եմ, որ երկրի իշխանությունները կարող են կրիտիկական պահին այդքան ոչ ադեկվատ լինել:

Մեկ այլ գրառման մեջ Օսկանյանը հետևյալն է նշել՝ մեկնաբանելով այն կարծիքները, թե ինքը քաղաքականացնում է տեղի ունեցածը.

– Կարդում եմ ներքևի ստատուսի որոշ մեկնաբանություններ և զարմանում, որ մարդիկ ընդհանրապես կարող են այդ հարցը քաղաքականացնելու մասին մտածել: Ի՞նչ քաղաքականացման մասին կարող է խոսք լինել, երբ մի քանի տասնյակ մարդ պատահարից այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվում, իսկ հրապարակում համերգը շարունակվում է: Ոչ միայն համերգ չպետք է լիներ, այլև որևէ ելույթ անթույլատրելի էր այդ պայմաններում:

Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից:

Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:

Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթե՛նք տուժածների համար և մաղթե՛նք բոլորին շուտափույթ ապաքինում»:

22:50 ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտնել է, որ տուժածների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածներին դուրս կգրեն 2-3 օրից:

22.07 Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով` մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունից տուժած մոտ 144 մարդ: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, Արմենիա բժշկական կենտրոն ` 20, Կլինիկական թիվ 1 հիվանդանոց` 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց` 20, Հերացի թիվ մեկ հիվանդանոց` 20, Նաիրի բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն` 7 հոգի, Սբ. Աստվածածին ծննդատուն` 2 երեխա:

Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010 529690 և 010 360297 թեժ գծի համարներով:

Գազով լիցքավորված փուչիկների փայթյունի պահը ֆիքսել է Panorama.am կայքի տեսախցիկը:

21:40 ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ գրանցված միջադեպի հետևանքով, ըստ նախնական տվյալների, Երևանի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել 67 երեխա, այդ թվում `  Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, Արմենիա բժշկական կենտրոն` 20, Կլինիկական 1 հիվանդանոց` 9, Մուրացանի բժշկական կենտրոն` 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն` 2 երեխա: