«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ` կոչով դիմել էր խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական 9 ուժերին իրենց ծրագրերում ընդգրկել
• ՀՀ զինված ուժերի բարեփոխման համար նախատեսվող քայլեր,
• հրապարակել բանակի բարեփոխման ծրագրերը եւ
• դրանք արծարծել իրենց հրապարակային ելույթներում եւ բանավեճերում:
Մինչ այսօր «Բանակն իրականում» նախաձեռնությունը առաջադրված քաղաքական ինն ուժերից միայն երեքից է ստացել պատասխան՝ «Միավորված հայեր» կուսակցությունից, «Ժառանգությունից» և Հայ Ազգային Կոնգրեսից: Այս մասին ասված է նախաձեռնության տաածած հայտարարության մեջ:
Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը արձանագրում է.
Քաղաքական ուժերը և լրատվամիջոցները մեծմասամբ քաջություն չունեցան հանրային հարթակներում առարկայորեն քննարկելու Հայաստանի Հանրապետության ամենացավոտ խնդիրներից մեկը՝ զինված ուժերի բարեփոխման և զինծառայողի իրավուքների պաշտպանության հարցերը:
Քաղաքական ուժերը մեծմասամբ պատրաստ չեն հանրությանն առաջարկելու այնպիսի լուծումներ, որոնք կհանգեցնեն բանակում ներկայում տիրող վիճակի վերացմանը, ՀՀ քաղաքացիների արժանապատիվ զինծառայության պայմանների ապահովմանը և ոչ-մարտական մահերի վերացմանը զինված ուժերում: Վիճակ, որը նաև Հայաստանից աղետալի չափերի հասնող արտագաղթի պատճառներից մեկն է:
Իշխանական կուսակցությունները և նրանց կոալիցիոն դաշնակիցները՝ հանձինս երկրի նախագահի ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, տապալել են զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու հանրային հրամայականն իրականացնելու գործը՝ անգործությամբ, կոռումպացված իրավական համակարգով եւ հայրենասիրական սին լոզունգների հետեւում թաքնվելով ու դրանց անունից հարվածելով հայ զինվորի ճակատագրով իրապես մտահոգ քաղաքացիական ուժերին: Այս կուսակցությունների գործունեությունը իշխանության մեջ եւ նախընտրական վարքագիծը ցույց են տալիս, որ նրանք չեն ուզում կամ չեմ կարող որեւէ արմատական բարեփոխում կատարել զինված ուժերում, որ կփրկի զինծառայողներին նվաստացումից, բռնություններից եւ մահից:
Հայտարարության հեղինակները նշում են, որ, ստորագրելով ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը (և որպես գերագույն գլխավոր հրամանատար)՝ Սերժ Սարգսյանը ստանձնել է պատասխանատվություն ՀՀ զինված ուժերի վարքագծի համար՝ երկրի ներքին քաղաքականության սրացումների դեպքում:
«2008-ի մարտի 1-ին բանակն արդեն մեկ անգամ դուրս է բերվել սեփական ժողովրդի դեմ եւ մասնակից դարձել արնահեղությանն ու քաղաքացիական ընդվզման ճնշմանը, իսկ այս օրենքը օրինական, բայց հակասահմանադրական հիմքեր է ստեղծել բանակի կողմից նման իրավիճակի կրկնման համար: ՀՀ զինված ուժերի հրամանատարության կողմից բանակը եւս մեկ անգամ ներքին քաղաքական հարցերին խառնելու փորձերը դատապարտելի են: Հայ զինվորի թշնամին երկրի ներսում չէ. այնտեղ իր հարզատներն են, մայրն ու հայրը, քույրերն ու եղբայրները: Կոչ ենք անում զերծ մնալ նման որեւէ փորձից:
Կոչ ենք անում բանակի ղեկավարությանը բանակը զերծ պահել նաեւ կուսակցական պարտադրանքից և մայիսի 6-ին զինծառայողներին ազատ ընտրության հնարավորություն տալ քվեարկության ժամանակ», – ասված է հայտարարության մեջ:
«Բանակն իրականում» նախաձեռնությունը հաստատակամ է և ամեն ինչ անելու է զինծառայողների իրավունքների և բանակի արմատական բարեփոխման խնդիրը բարձրացնելու քաղաքական օրակարգ և հասնելու համակարգային փոփոխությունների զինված ուժերում: