ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ձևավորվել են մի քանի ուղղությամբ աշխատող օպերատիվ խմբեր, որոնք քննում են այսօր Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաք-համերգի ժամանակ փուչիկների պայթյունը, որի հետևանքով 140 մարդուց ավելի է տուժել:
«Իրականացվում են այցելություններ հիվանդանոցներ, հարցման են ենթարկվում պատահարի վայրում ներկա գտնվողները և տուժածները, միջոցներ են ձեռնարկվում բռնկման անմիջական ականատեսներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մյուս մանրամասները պարզելու նպատակով պահանջվում են անհրաժեշտ փաստաթղթեր և այլ նյութեր:
Ներկայումս իրականացվող քննությամբ քննարկվում է պատահարի պատճառի մի քանի հավանական վարկած` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:
Ոստիկանությունը պարբերաբար կտեղեկացնի իրականացված գործողությունների և ստացված արդյունքների մասին», – հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը: