Վաղը Սահմանադրական դատարանի նիստից հետո պարզ կդառնա, թե որքանով թափանցիկ կլինեն ընտրությունների մասնակիցների վերաբերյալ տվյալները: Այս մասին այսօր ընտրությունների վերահսկողության նպատակով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ստեղծած միասնական շտաբի նիստում հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը (լուսանկարում աջից):
Հիշեցնենք, որ վաղը Սահմանադրական դատարանը քննության է առնելու միասնական շտաբի հիմնադիր կուսակցությունների՝ թվով 30 պատգամավորների ներյկայացրած հայցադիմումը, որում նրանք պահանջում են ընտրություններից հետո հրապարակել ընտրողների կողմից ստորագրված մասնակցության ցուցակները:
«Քաղաքական առումով ընտրություններին մասնակցող 5 հիմնական ուժերից 4 –ը պաշտպանում են այս հայցադիմումը ու սա չաձփազանց կարևոր է: «Ժառանգության» պատգամավորները իրենց ստորագրություններով չեն մասնակցել, բայց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը ևս պաշտպանում է այդ հայցադիմումը ու գտնում է, որ այդ հայցը հիմնավորված է ու պետք է դրական պատասխան տա», – ասել է Հմայակ Հովհաննիսյանը:
Ամփոփելով քարոզարշավը՝ Հովհաննիսյանն ընդգծել է, թե որքան էլ ցավալի է, որ ողջ քարոզարշավի ընթացքում իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճերի:
«Ես անձամբ եմ խնդրել հեռուստաբանավեճ կազմակերպեն իմ և Դավիթ Հարությունյանի միջև, քանի որ նա ինքն էր ինձ հրավիրում, բայց պատասխանը եղել է մեկը՝ իշխող ուժը հրաժարվում է և’ ակումբային, և’ հեռուստաբանավեճերից ու առհասարակ բանավեճերից: Այս ամենն ուղղակի արժեզրկեց քարոզարշավը, որովհետև առանց բանավեճերի, քննարկումների ու կարծիքների հակադրման քարոզարշավ չի լինում և ժողովրդավարական գործընթացի մասին խոսել հանարավոր չէ», – նշել է Հովհաննիսյանն ու հավելել, որ այս քարոզարշավը կհիշվի մեկ բանով, այն է ՝ հիմնադրվեց ընտրությունների հանրային վերահսկողության Միասնակն շտաբը:
«Այս ձևաչափով ընտրությունները կմտնեն պատմության մեջ ու ես լիահույս եմ, որ ժողովրդի օգնությամբ կկարողանանք վերահսկել ընտրությունները», – ասել է բանախոսը: