Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Տիգրան Առաքելյանի գործով այսօր դատարանում հարցաքննվել է գործով անցնող վկա ամերիկահայ Ալեքս Էմիլ Ժոզեֆին Միրզոյանը: Վերջինս իր ցուցմունքում նշել է, որ ինքը միջադեպին հետևել է Տերյան 42 շենքի իր բնակարանի պատշգամբից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, երբ Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը, ով Արտակ Կարապետյանի հետ միասին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մյուս ակտիվիստներին մեղադրում են խուլիգանության մեջ:
Միջադեպի առիթ, ըստ ոստիկանության վարկածի, հանդիսացել է այն, որ այդ օրը իրենք մի շուն ման տվող քաղաքացու զգուշացրել են, որ դնչկալ հագցնի շանը, իսկ երիտասարդներն իրենց գործողությունները խոչընդոտել են: Ակտիվիստները նշել էին, որ ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել թե Կարապի լճի մոտ, թե ոստիկանության բաժնում:
Այսօր հարցաքննվող վկան, ով հայերենին լավ չէր տիրապետում, նշել է, որ միջադեպից հետո ոստիկանները իր տանը ցուցմունք են վերցրել: Դատարանում նա ասել է, որ միայն քաշքշոց է տեսել, իսկ ոստիկանները փորձել են հանդարտեցնել իրավիճակը: Վկան նշել է, որ միջադեպի վայրում եղել է 50-ից ավելի ոստիկան: Միրզոյանի խոսքով` ինքը պատմել է, իսկ քննիչը համակարգչային տեքստով հավաքել է իր ցուցմունքը և ինքը հետո ընթերցել է ու ստորագրել:
Մեղադրյալներից Տիգրան Առաքելյանը վկային խնդրել է հավաքած այդ տեսքտը ընթերցել, վկան հրաժարվել է՝ ասելով, որ ինքը դժվարությամբ է կարդում:
Այնուհետև մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը միջնորդել է հրապարկել վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ կան էական հակասություններ՝ կապված այն դրվագի հետ, որ վկան նշում է, թե չի տեսել միջադեպի ժամանակ ով ում է հրավածել, մինչդեռ նախաքննական ցուցմուքնում նշել է, որ երիտասարդները ոստիկաններին ծեծել են: Պաշտպանական կողմը առարկել է, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է միջնորդությունը և դատախազը սկսել է ընթերցել նրա ցուցմունքը:
Հարցին` թե գրվածը ճի՞շտ է, վկան դրական է պատասխանել:
Նախաքննական ցուցմունքում նա խոսել է «կոլոտ տղայի և գանգուր մազերով մեկ այլ տղայի մասին»: Երբ նրան հարցրեցին, թե կարո՞ղ է ասել, թե դատարանում ներկաներից որն է կոլոտը, որը` գանգուր մազերով տղան, որին ինքը ճանաչել է, վկան երկար ժամանակ զննել է ներկաներին, որից հետո պարզվել է, որ նա չի հասկացել, թե ինչ է նշանակում գանգուր: Երբ նրան բացատրել են, նա ցույց է տվել Սարգիս Գևորգյանին:
Դատավորը հարցրել է, թե քանի որ Դավիթ Քիրամիջյանի մազերը շատ կարճ են կտրած, հնարավո՞ր է` նա եղած լինի գանգուր մազերով տղան, վկան ասել է, որ հնարավոր է նա եղած լինի, ինչը դահլիճում առաջացրել է ներկաների ծիծաղը:
Վկան նախ ասել է, որ դատարնում տված ցուցմունքն է ճիշտ, իսկ հետո նշել, որ ճիշտը նախաքննության ժամանակ ասվածն է: Բացի դա, վկան սկզբում ասում էր, որ չի տեսել, որ որևէ մեկին բերման ենթարկեն, իսկ հետո հարցերի միջոցով պարզվեց, որ տեսել է բերման ենթարկելու տեսարանը:
Դատախազի` ցուցմունքի վերաբերյալ հարցերին վկան պատասխանում էր` ճիշտ է, իսկ երբ պաշտպանական կողմը խնդրում էր նկարագրել մեղադրյալներից որևէ մեկի գործողությունը, նա դժվարանում էր դա անել:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 10-ին, ժամը 12.00-ին: