14:40 Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող Լևոն Շանթի անվան դպրոցում տեղակայված 10/21 տեղամասում Epress.am-ի լրագրողը ականատես է եղել միջադեպի ընտրողներից մի քանիսի և հանձնաժողովի անդամների միջև:
Ընտրողներից մեկը ընտրական ցուցակներում իր անունը փնտրելիս տեսել է, որ այդտեղ նաև նշված է իր 4 հարևանների անուները, ովքեր 1994թ.-ի մեկնել են Արգենտինա և այլևս չեն վերադարձել:
Ընտրողն այդ մասին հայտնել է հանձնաժողովի անդամներին, ովքեր բարկացել են և սկսել են գոռգոռալ` ասելով, որ իրենք չեն զբաղվում ցուցակներով և պետք չէ իրենց մեղադրել ընտրակեղծիք թույլ տալու մեջ:
«Գնացեք և ոստիկանությանը դիմեք»,- կնոջը հորդորել է հանձնաժողովի նախագահը:
14:05 Էրեբունի վարչական շրջանում` Մ. Խորենացի փողոցում գտնվող թիվ 120 դպրոցում տեղակայված 13/09 տեղամասում կուտակումներ են եղել: Epress.am-ի թղթակիցը նկատել է դեպքեր, երբ քվեախցում միաժամանակ մի քանի հոգի են եղել:
Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձ Հովհաննես Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ լրագրողների ժամանելուց հետո միայն ոստիկանները սկսել են մարդկանց հերթով թողնել: Մինչ այդ ՀԱԿ ներկայացուցիչը տեղամասի նախագահ Ժիրայր Այվազյանին անընդհատ ասել է, որ միջոցներ ձեռնարկի կուտակումները վերացնելու համար, սակայն նա մինչև լրագրողների գալը դա չի արել:
13:16 161 դպրոցում տեղակայված 12/20 ընտրատեղամասում երկու անձ մոտեցել են քվեախցին, և մեկը մյուսին ասել է. «Հանրապետականին կքվեարկես»: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ընտրատեղամասում ԲՀԿ-ի վստահված անձ Գայանե Հակոբյանը, ով պահանջել է անվավեր ճանաչել քվեաթերթիկը, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է դա անել:
Հակոբյանը նաև պատմել է, որ ֆիքսել է, թե ինչպես է հանձնաժողովի սեղանին դրված ՀՀԿ-ի հուշաթերթիկը, որի վրա նշված է, որ ՀՀԿ-ն 7-րդ համարն է ցուցակում: Դա արգելված է օրենքով: Հանձնաժողովի նախագահը պատռել է հուաշթերթիկը, որից հետո ասել է, որ այն սեղանին չի եղել:
12:15 «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է ԱԱԾ-ին` խնդրելով հրապարակել մայիսի 3-4-5-ին Վրաստանից ՀՀ պետական սահմանը հատած քաղաքացիների թիվը և անձնագրային տվյալները: Այս մասին նախաձեռնությունը հայտրարարություն է տարածել քիչ առաջ` մտահոգություն հայտնելով, որ Վրաստանից Հայաստան բերվել են քաղաքացիներ` ԱԺ ընտրություններին մասնակցելու համար:
«Ջավախքից ավտոբուսներով մեծ թվով մարդիկ են բերվում Հայաստան: Ընդ որում, նրանք թեև Վրաստանի քաղաքացի են, բայց ունեն հայկական անձնագիր և ներառված են ընտրացուցակներում: Ընդ որում, վրացական օրենքներով արգելվում է երկքաղաքացիությունը: Այնպես որ, գործ ունենք ջավախահայերին տրամադրված անօրինական հայկական անձնագրի մասին, ինչը Հայաստանում քվեարկության իրավունք է տալիս: Ի դեպ, Ջավախքից դեպի Երևան շարժվող ավտոբուսների վրա ռուսերեն գրված է. «Ջավախքն ի պաշտպանություն Հանրապետական Կուսակցության»: Մեզ ահազանգած ջավախքցիները հայտնել են, որ շարասյունն ուղեկցել է Ախալքալակի ոստիկանապետի որդին` ոմն Գևորիկը», – ասված է հայտարարության մեջ:
12:14 24/26 ընտրատեղամասում (Գեղարքունիկի մարզ, Վարդենիս քաղաք) տեսախցիկը ջարդելու, վստահված անձին և հանձնաժողովի անդամին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ տեղեկության հավաստիությունը ճշտելու ուղղությամբ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշում է ՀՀ ոստիկանությունը: Համաձայն հաղորդագրության, այս պահին արված ստուգումներով պարզվել է, որ վստահված անձը փորձել է տեսանկարահանում կատարել քվեարկության խցիկում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ը գրել էր, որ 24/26 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանին, ջարդել ատամները, ջարդել են նրա տեսախցիկը: Նույն տեղամասում ծեծի է ենթարկվել նաև հանձնաժողովի ԲՀԿ-ի անդամներ Վարդան Հայրապետյանը և Կարեն Կեսոյանը:
Այս մասին Epress.am-ին ՀԱԿ քարոզչական կենտրոնից հայտնել էր Դավիթ Կարապետյանը:
11:25 Անձնագրերից կնիքների օքսիդացման թեման ակտիվորեն քննարկվում է նաև Facebook սոցիալական ցանցում: Paron Bin օգտատերը պաստառ է տեղադրել, որի վրա պատկերված է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ-ի տրամադրած կնիքը ճակատին:
11:05 Մալաթիա-Սեբաստիա համանքի Բ-3 թաղամասում 191 դպրոցում տեղակայված 8/22 և 8/23 ընտրատեղամասերում Epress.am-ի թղթակիցը մեծ կուտակումները է նկատել: Քվեարկության սենյակում ավելի քան 15 մարդ էին միաժամանակ: Մեր թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահը նշել է, որ ինքը ոստիկանի օգնությամբ վերահսկում է քվեարկության ընթացքը:
Epress.am-ի թղթակիցը շրջել է դպրոցի շրջակայքում` նկատելով մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին ցուցակ է եղել: Թղթակիցը զրուցել է ցուցակով երիտասարդի հետ, ով ներկայացել է որպես շենքի բնակիչ և ասել, որ դա խիստ անձնական է և ինքը չի կարող ասել, թե արդյոք այդ ցուցակը կապ ունի ընտրությունների հետ, թե ոչ:
10:56 Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/02 տեղամաս են բերվել 82 համարի գազելներով տարեց մարդիկ, որոնց ուղեկցել է համազգեստավոր ոստիկան, հաղորդում է nikolpashinyan.com կայքը:
Երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանը հարցրել է նրան, թե ինչ է անում այդտեղ, վերջինս պատասխանել է, որ հանդիսանում է տվյալ տեղամասի ընտրող:
10:49 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանումներ է ներկայացրել օքսիդացող կնիքների հետ կապված: Նրա խոսքով` խնդիրը եղել է այն, որ թանաքը չեն թափահարել, և այժմ համապատասխան հրահանգները տրվել են:
10:40 24/26 ընտրատեղամասում (Գեղարքունիկի մարզ, Վարդենիս քաղաք) քիչ առաջ ծեծի են ենթարկել ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանին, ջարդել ատամները, ջարդել են նրա տեսախցիկը: Նույն տեղամասում ծեծի է ենթարկվել նաև հանձնաժողովի ԲՀԿ-ի անդամներ Վարդան Հայրապետյանը և Կարեն Կեսոյանը:
Այս մասին Epress.am-ին ՀԱԿ քարոզչական կենտրոնից հայտնել է Դավիթ Կարապետյանը: Ըստ նրա` հիմա այդ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն ու առանց անձնագրի մարդիկ կատարում են լցոնումները:
10:37 Epress.am-ը տասնյակ ահազանգեր է ստանում կնիքների ցնդելու մասին: Վաղ առավոտյան քվեարկությանը մասնակցած կայքի թղթակիցներից մեկը նույնպես փաստում է, որ իր անձնագրում դրված կնիքն արդեն չի երևում:
10:31 ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը Epress.am-ի հետ զրույցում հերքել է 12/32 ընտրատեղամասի մոտ երեք մարդու ձերբակալության փաստը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի թղթակցին պատմել էին, թե ինչպես է են ընտրատեղամասի մոտ գտնվող դպրոցի մոտից 3 մարդու ձեռնաշղթաներով նստեցրել ոստիկանական մեքենա:
10:25 ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը Կենտրոն հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իրենք տասնյակ անձնագրեր ունեն, որոնց միջից թանաքն արդեն ցնդել է: Նա դիմել է ԵԱՀԿ դիտորդներին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով հաստատել է, որ նման ահազանգ իրենք էլ ունեն: Սակայն Զոհրաբյանը նշել է, որ դա ահազանգերի խնդիր չէ, այլ համատարած բնույթ է կրում: ԿԸՀ-ն նշել է, որ բոլոր ընտրատեղամասերին խորհուրդ է տվել հասարակ թանակից օգտվել` խտացնելով նյութը: Զոհրաբյանի խոսքով` դա չի կիրառվում այն ընտրատարածքներում, որտեղ հանձնաժողովի նախագահները ՀՀԿ անդամներ են: ԲՀԿ-ականը հայտարարել է, որ տվյալ եղանակը դատապարտելի է և վտանգում է ընտրությունների ընթացքը:
10:12 Հայ Ազգային Կոնգրեսը հաղորդագրություն է տարածել առ այն, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի նամակին, որում պարզաբանում էր պահանջվում «քվեախցիկում ընտրողի կողմից իր քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու օրինականության» վերաբերյալ:
Պատասխանում նշված է. «… Վերոնշյալ իրավանորմերի հաշվառմամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ընտրողը չի կարող իր կողմից քվեարկած քվեաթերթիկը լուսանկարահանել (տեսանկարահանել), քանզի այդ գործողություններով կարող է խախտվել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրված քվեարկության գաղտնիության սկզբունքը»:
10:00 12/32 և 12/33 ընտրատեղամասերի մոտակայքում (178 դպրոցի շրջակայքում, Էրեբեբունի համայնք) գտնվող բիլիարդի ակումբում ձերբակալել են 3 անձի կաշառք բաժանելու մեղադրանքով: Epress.am-ի թղթակցին ականատեսները հայտնել են, որ 3 հոգու ձեռնաշղթաներով դուրս են հանել ակումբից և նստեցրել ոստիկանական մեքենան: Ըստ նախնական տեղեկությունների` ձերբակալվածները եղել են 12-րդ ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Լյովա Խաչատրյանի մարդիկ:
09:48 Աջափնյակ համայնքի թիվ 9 և թիվ 6 ընտրատարածքների տեղամասերից մի քանիսում կուտակումներ են նկատվում:
09:40 12/32 ընտրատեղամասում կնիքների ցնդելու փաստը արձանագրել են թեկնածուների վստահված անձինք և հանձնաժողովի նախագահի հետ դիմել են ԿԸՀ: Այնտեղից հրահանգել են խտացնել նյութը և օգտագործել մանուշակագույն թանաքը: Epress.am-ի լրագրողը ընտրատեղամասից Անահիտ Բախշյանի վստահված անձն ասել է, որ մինչ այդ մոտ 150 մարդ արդեն հասցրել է քվեարկել:
09:30 10/25 տեղամասում քաղաքացի Իզաբելա Սարգսյանը պահանջել է իրեն նոր ծրարներ տալ և անձնագրի վերջին էջին խփվող կնիքը կրկին դնել:
Epress.am-ի հետ զրույցում նա նշել է, որ կնիքը դնելուց հետո այն գրեթե անմիջապես ցնդել է, իսկ ծրարներին դրվող կնիքի վրա չի երևացել ընտրատեղամասը: Արձանագրություն է կազմվել, Սարգսյանին նոր ծրարերներ է տրվել, և նյութը ավելացնելուց հետո դրանք կրկին կնքվել են:
Տեղամասում ներկա Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում հաստատել է, որ առաջին կնիքը քաղաքացի Սարգսյանի անձագրից իրոք անհետ ցնդել է:
Բացի նշված դեպքից Epress.am-ին մի քանի անգամ դարձյալ ահազանգել են, որ անձնագրի մեջ դրվող կնիքը շատ արագ է ցնդում և քվեարկությունից մի քանի րոպե անց արդեն շատ վատ է երևում:
09:10 Ընթացող ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Հայաստանի տարբեր հատվածներում բուռն ընթացք է ունեցել մինչև վերջին պահը: Ուրբաթ Կապանի քաղաքապետարանի դիմաց ՕԵԿ-ի նախընտրական պաստառի վրայից կտրել են ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի գլուխը: Նշենք, որ այդ պաստառում պատկերված են կուսակցության ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը և Արմեն Երիցյանը: Ինչպես մեզ պատմել են ականատեսները, երբ այդ լուրը Կապանում մեծ արագությամբ տարածվել է, պաստառը հանել են:
08:50 Կենտրոն համայնքում առավոտյան 08:00-ից մի քանի ընտրատեղամասեր այցելած Epress.am-ի թղթակիցներն արձանագրում են, որ ընտրողների հոսքը բավական մեծ է քվեարկության մեկնարկի առաջին իսկ րոպեներից: Ընտրատեղամասերից մի քանիսում անգամ փոքր հերթեր են կուտակվել:
08:30 Այսօր` մայիսի 6-ին, 08:00-ին Հայաստանում մեկնարկեցին Ազգային ժողովի ընտրությունները: 9 կուսակցություն համամասնական կարգով կպայքարեն 90 պատգամավորական տեղի համար: 41 մանդատ կբաշխվի մեծամասնական ընտրակարգով: