«Ժառանգությունում» ստացված ահազանգի համաձայն` Աջափնյակի թիվ 6/12 ընտրատեղամասում` թիվ 102 դպրոց, քվեասենյակում օրենքով սահմանված կարգից՝ 15-ից ավելի մարդիկ են գտնվում։ Մի կին, որն արդեն այդ տեղամասում քվեարկել է, անընդհատ ներսուդուրս էր անում տեղամաս, դրսից խմբերով մարդիկ է բերում քվեարկություն կատարելու։ Մարդիկ քվեարկում են կարմիր գույնի գրիչներով, և «Ժառանգության» վստահված անձի պնդմանը՝ նշում կատարել կապույտ գրիչով, քվեարկողներն ասում են, թե ուզում են կարմիր գրիչով քվեարկել, գրում է aravot.am-ը։
Հանձնաժողովի նախագահը, որը, ի դեպ, ՀՅԴ-ական Գեղամ Զաքարյանն է, չի սաստում այդ տիկնոջը, և հայտարարել է, թե կարմիր գրիչով քվեարկելն օրինախախտում չէ։
«Ժառանգության» վստահված անձ Վարդուհի Օհանյանը տեղի ունեցածի մասին արձանագրություն է կազմել և պահանջել, որ այն գրանցամատյանում արձանագրվի, բայց դաշնակցական նախագահը և ՀՀԿ-ական հանձնաժողովականը հրաժարվել են դա անել, այս երկուսից բացի, հանձնաժողովի մյուս անդամները վստահված անձի բողոքի տակ ստորագրել են։ «Ժառանգությունը» վերոհիշյալ փաստերը տեսագրել է։
Հաղորդվում է նաեւ, որ «Ժառանգության» ներկայացուցիչը դիմել է հանձնաժողովի քարտուղարին՝ կարգուկանոն հաստատելու համար, բայց վերջինս նրան խորհուրդ է տվել դիմել ոստիկաններին, իսկ որեւէ ոստիկան այդ տեղամասում չկա։
«Ժառանգությունը» դիմել է ոստիկանությանը՝ տեղամասը ոստիկաններով ապահովելու, նաեւ ահազանգել է միջազգային դիտորդներին։