Առաջին ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածուներ Ստյոպա Սաֆարյանը` «Ժառանգությունից», և Գայանե Առուստամյանը` ՀԱԿ-ից, Epress.am-ին հայտնել են, որ այդ ընտրատածքում ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով` բոլոր ընտրատեղամասերոււմ համատարած խախտումներ են գտանցվել` կապված կնիքների հետ, ավտոմեքենաներով մարդկանց են բերում ընտրության, ոչ մի տաքսի ծառայություն կանչեր չի ընդունում, շատ մարդիկ են խնդրում օգնել իրենց ընտրություն կատարելու հարցում` հաճախ մարդիկ, ովքեր տեսողության հետ կապված կամ այլ առողջական խնդիրներ չունեն:
Այս տեղեկությունը հաստատել է նաև Գայանե Առուստամյանը; Նրա խոսքով` ընտրատեղամասերի մոտ մարդիկ կուտակվում են, ցուցակներում նշումներ անում, ապա մտնում ընտրության: Նման մարդկանց ցուցակավորման Գայանե Առուստամյանի վստահված անձինք նկատել են 1/12, 1/22 ( ՀՀԿ շտաբի մոտ) ընտրատեղամասերի մոտ: Գայանե Առուստամյանը բացահայտման մասին հայտնել է ոստիկանին, ով ցրել է մարդկանց, սակայն թեկնածուի վստահված անձինք չեն հեռանում, քանի որ մտավախություն ունեն, որ ցուցակներով մարդիկ կվերադառնան:
«Շատ վատ եմ գնահատում ընտրությունների ընթացքը: Սա ՀՀԿ-ի կողմից կազմակերպված հանցագործություն է»,- ասել է Գայանե Առուստամյանը: