Այսօր՝ ժամը 08:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից և Նազելի Յարալյանից, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետև տարել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
ՀՀ Գլխավոր դատախազության փոխանցմամբ` Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: