Այսօր առավոտյան ժամը 08:00-ից սկսված ԱԺ ընտրությունների ընթացքում տեղի են ունենում նախօրոք լավ կազմակերպված լայնածավալ մեքենայություններ, ասված է ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հայտարարության մեջ: Շտաբը միավորում է 3 քաղաքական ուժերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Հայ Ազգային Կոնգրես և Հայ Յեղափոխական Դաշմակցություն:
Այդ փաստի վրա շտաբը հրավիրում է ՀՀ պետական մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը:
«Ընտրողների անձնագրերում դրվող և օրենքով սահմանված կարգով 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները հաշված րոպեների ընթացքում անհետանում են:
Այս իրավիճակի նախօրոք կազմակերպաված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ առավոտյան ժամերին մեծ թվաքանակով քաղաքացիներ բերվում էին ընտրատեղամասեր և քվեարկության առաջին 2 ժամերի ընթացքում արձանագրվել են ընտրողների աննախադեպ մեծ կուտակումներ ընտրատեղամասերում: Արձանագրվել են նաև վստահված անձանց նկատմամբ բռնության, բաց քվեարկության, քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտող դեպքեր», – նշում են հայտարարության հեղինակները:
Միասնական ընտրական շտաբը ստեղծված իրավիճակը գնահատում է որպես ընտրությունների օրինականությունը վտանգող գործընթաց: Շտաբը ընտրողներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել քվեարկության գործընթացին, ինչ թույլ կտա նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների ծավալը: