Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանի վստահված անձինք արձանագրել են մի շարք ընտրախախտումներ, որոնք ներկայացրել է թեկնածուի շտաբը.
«Թիվ 12 ընտրատարածքի 12/02 ընտրական տեղամասում քաղաքացին եկել է ընտրության, սակայն իր փոխարեն քվեարկված է եղել և Տիգրան Տեր-Պետրոսյանի վստահված անձը համապատասխան արձանագրություն է կազմել:
12/02 տեղամասում մի քաղաքացի փորձել է ստորագրել իր թոռան փոխարեն, սակայն Տիգրան Տեր-Պետրոսյանի վստահված անձը նկատել և կանխել է դա:
12/27 տեղամասում երիտասարդը մեծահասակի անձնագրով փորձել է քվեարկել, սակայն այս փորձը ևս կանխվել է Տիգրան Տեր-Պետրոսյանի վստահված անձի կողմից:
Իսկ հանձնաժողովի անդամները ձայն չեն հանել, որ կա նման խնդիր:
Թիվ 12 ընտրատարածքն ընդգրկող Նոր Արեշ 35 փողոցի 127/1 շենքի բակում մեր շտաբի անդամները նկատել են, որ այնտեղ ընտրակաշառք են բաժանում` թիվ 12 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ռոբերտ Մասումյանին ընտրելու համար:
«Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակիցը մեզ տեղեկացրել է, որ 12/32 և 12/33 ընտրատեղամասերի դիմաց հավաքված են եղել մի քանի տղամարդ և երկու կին, որոնցից մեկը տղամարդկանց հարցրել է, թե «փողը երբ են տալու»: Երբ լրագրողը մոտեցել և հարցրել է, թե ինչ փողի մասին է խոսքը, այդ խումբը սկսել է բղավել լրագրողի վրա, իսկ մի տղամարդ էլ փորձել է նրա ձեռքից խլել ֆոտոխցիկը, սակայն չի հաջողվել: Այնուհետև լրագրողին սկսել է հետապնդել մի մեքենա:
12/34 և 12/37 ընտրատեղամասերի դիմաց 267 համարի երթուղայիններով մարդկանց են բերել քվեարկության և ուղղորդել են, որ քվերակեն համար յոթի և չորսի օգտին: Համամասնական ցուցակում յոթերորդ համարը ՀՀԿ-ն է, իսկ մեծամասնականում համար չորսը թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանն է:
12/34 ընտրական տեղամասում ՀՀԿ-ն բաժանել է ուղղորդող թերթիկներ, որոնց վրա համամասնականի դեպքում նշված է համար 7-ը` ՀՀԿ-ն, իսկ մեծամասնականում` համար 4-ը` Ռոբերտ Մասումյանը:
12/01 ընտրական տեղամասում քաղաքացիների անունները պատի վրա փակցված ընտրացուցակներում բացակայում են, բայց հանձնաժողովի անդամների մոտ գտնվող ցուցակում նրանց անունները կան:
12/36 ընտրական տեղամասում լրացուցիչ ցուցակներում գտնվող մարդիկ չգիտեն իրենց բնակության հասցեները»: