20:00 Քվեարկությունը պաշտոնապես ավարտվեց:
19:30 Մալաթիա Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 84 մանկապարտեզում տեղակայված 07/09 և 07/10 ընտրատեղամասերում 19:00-ին սկսած մի շարք մարդիկ սկել են մոտենալ քվեարկելու բացարձակ նոր անձնագրերով, որոնք տրված են 2011 և 2012 թվականներին: Epress.am-ի թղթակիցը մոտ 5 անընդմեջ ընտրող է նկատել նոր անձանգրով և հարցով դիմել 07/09-ում ՀԱԿ-ի վստահված անձ Բագրատ Ազնաուրյանին:
Վերջինս նշել էլ, որ վերջին 2 ժամվա ընթացքում այդ ընտրատեղամասում յուրաքանչյուր 20 ընտրողից մոտավորապես 15-ի անձնագիրը նոր է եղել: Նույն տեղեկությունը հաստատել է 07/10 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Լևոն Տեր-Սիմոնյանը:
07/09 ընտրատեղամասում Epress.am-ի թղթակիցը խնդրել է ներկայանալ մի անձի, ով նշել է, որ վստահված անձ է 07/10 ընտրատեղամասում: Ի պատասխան` նա ասել է. “Այ, շիզոֆրենիկ”: Նա չի ներկայացել` նշելով, որ մոռացել է արդեն, թե ում վստահված անձն է ինքը: Դրանից հետո նա հեռացել է ընտրատեղամասից: Դեպքի առնչությամբ արձանագրություն է կազմվել 07/09 ընտրատեղամասում: Epress.am-ի թղթակիցը նշում է, որ տվյալ անձից ալկոհոլի հոտ էր գալիս: Ավելի ուշ հաջողվել է պարզել, որ նա թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Վարդան Վարդանյանի վստահված անձն է եղել:
19:15 «Civil.net»-ի տեսախցիկը արձանագրել է` ինչպես են ընտրողներին զանգվածաբար բերում Խարբերդ գյուղի ընտրատեղամաս, որտեղ էլ բաժանում են նախապես քաղաքացիներից վերցված անձնագրերը: Այսպիսի դեպքերը սովորաբար վկայում են այն մասին, որ մարդիկ նախապես գումար են վերցրել «համապատասխան թեկնածուի կամ կուսակցության» օգտին քվեարկելու համար:
Գործողությունները համակարգում է մի կին, ով ասում է.«Ես ակտիվիստ եմ և ընդամենը կարգավորում եմ մեր թաղամասի ընտրությունները»: Հարցին` իսկ առանց ձեզ նրանք կգայի՞ն ընտրության, թե՞ ոչ, նա պատասխանում է .«Կգային: Մենք առավոտյան միասին սուրճ ենք խմել, որից հետո եկել ենք ընտրության: Այլ հարցեր կա՞ն»:
Տեսանյութում լսվում է` ինչպես են տեղի բնակիչները բողոքում լրագրողների ուշադրությունից: «Ուրիշ օր լիներ, Խարբերդի փողոցները հո չէիք նկարի: Իսկ այսօր տոն է իրենց համար: Նկարահանում են, որ հետո մոնտաժեն»:
18:56 Նոր Նորքի 3-րդ զանգվածի 143-րդ դպրոցում տեղակայված 2-րդ ընտրատարածքի 02/02 տեղամասում ընտրությունների ժամանակ կուտակումներ են եղել: Բացի դա, տեղամասում միաժամանկ գտնվել են ՀՀԿ-ի երեք վստահված անձինք: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձ Կարեն Կարապետյանը:
«Ընտրողների հոսքը շատ է եղել, կուտակումներ են եղել, քաղաքացիներից մեկին դուր չէր գալիս ընտրությունների ընթացքը: Նա անընդհատ բղավում էր, հանձնաժողովի նախագահը հրավիրեց ոստիկանություն, և ոստիկանությունը հոսքի առաջը փակեց, որից հետո քվեարկությունը սկսեց նորմալ գնալ: Բայց այդ ընթցաքում այստեղ շատ աղմկոտ էր, ու եթե ստիկանությունը չգար, խոչընդոտվելու էր ընտրության ընթացքը», -ասել է Կարեն Կարապետյանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ ընտրատարածքում տեղի ունեցող լարվածությունը հրահանգվում էր դրսում կանգնած մոտ քառասուն երիտաասարդների կողմից:
Նշենք, որ երբ մենք այցելեցինք ընտրատարածք, 143 դպրոցի մոտ բազմաթիվ մեքենաներ էին կանգնած, որոնց մեջ սև հագուստներով երիտասարդներ: Երբ նկարահանող խումբը դուրսն եկավ դպրոցից, մեքենաներն ու երիտասարդներն այնտեղ չէին:
18:45 Youtube.com կայքում kubatyan օգտատերը տեսանյութ է տեղադրել թիվ 6 ընտրատարածքից` հետևյալ մեկնաբանությամբ.
«6/02 տեղամասում ծեծկռտուքից հետո Աջափնյակի ոստիկանապետը և Գալուստ Սահակյանը միջամտում են ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանի շտաբի աշխատանքներին: Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ Գալուստ Սահակյանի կինը, մտնելով 6/02 տեղամաս, բացահայտ խախտելով օրենքը, կոչ է արել, որ տեղամասում գտնվողները քվերկեն ՀՀԿ-ի օգտին»:
18:13 Այսօր ժամը 15.00-ի սահմաններում Էրեբունի 29 հասցեում գտնվող ՀՀԿ գրասենյակ էին մտնում քաղաքացիներ`անձնագրերը ձեռքներին: Դրան ականատես է եղել Epress.am-ի թղթակիցն ու օպերատորը:
Շտաբի մոտ կանգնած մի խումբ կանայք զրուցում էին, և Epress.am-ի թղթակիցը լսել է, թե ինչպես է նրանցից մեկը մյուսին ասել. «Գոնե առավոտը բաժանեին, էս շոգին չգայինք»:
Շտաբի մոտ նաև երկու գազել էր կանգնած: Այդ ամենը պատկերված է տեսանյութում:
18:11 Համաձայն ԿԸՀ-ի տվյալաների, 17:00-ի դրությամբ քվեարկել են 1,300,117 մարդ, ինչը կազմում է ընտրողների 51, 57 տոկոսը:
17:55 Աջափնյակ համայնքում գտնվող 122-րդ դպրոցում տեղակայված 09/32 ընտրատեղամասում Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձ Քնքույշ Մելիքյանն արձանագրել է բաց քվեարկության դեպք:
Epress.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ պահանջել է արձանագրություն կազմել, սակայն հանձնաժողովի մյուս բոլոր անդամները` անգամ միասնական շտաբի ներկայացուցիչները` ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից դա թույլ չեն տվել դա անել, սպառնացել են ոստիկություն կանչել:
Արդյունքում Մելիքյանի պահանջը չի կատարվել:
16:30 2012 թ. ԱԺ ընտրությունների նախորդող օրը՝ մայիսի 5-ին, և քվեարկության օրը՝ մայիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քաղաքացիների կողմից բազմաթիվ ահազանգեր է ստացել ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ: Կազմակերպության աշխատակիցները արագ արձագանքել են քաղաքացիների զանգերին:
Ինչպես հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, այն պահին, երբ աշխատակիցները ժամանել են դեպքի վայր կազմակերպիչները և հավաքված անձինք հեռացել են տարածքից, իսկ տվյալ գործընթացները կանխելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից որևէ միջոցառում չի ձեռնարկվել:
15:00 Սարյան 22 հասցեում գտնվող «Արեգնազան» կրթահամալիրի շենքում տեղակայված թիվ 9/15 ընտրատեղամասում երկու հոգով քվեարկելու երկու դեպք է արձանագրվել:
Այն պահին երբ Epress.am-ի թղթակիցը տեսախցիկով ֆիքսել է զույգով քվեարկելու պահը, հանձնաժողովի անդամներից մեկը մոտեցել է ու հորդորել մարդկանց դուրս գալ քվեախցից՝ ասելով, թե չի կարելի միասին մոտենալ:
«Կներեք, մի քիչ էս կողմ եկեք, թող իր ընտրական իրավունքը իրականցնի, որովհետև մեզ էնտեղ նկատողություն են անում», – ասել է նա:
Տղամարդը պատճառաբանել է, թե իրենք ամուսիններ են:
14:50 Համաձայն ԿԸՀ-ի ժամը 14:00-ի դրությամբ արդեն քվեարկել են 896, 568 մարդը, ինչը կազմում է ընտրողների 35, 54 տոկոսը:
Նախորդ լրահոսը` այստեղ: