ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Դմիտրի Մեդվեդևին վարչապետի պաշտոնում հաստատելու առաջարկը, հայտնել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
Դեռևս աշնանը «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարի ժամանակ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ իր հաղթանակի դեպքում Մեդվեդևը կստանձնի վարչապետի լիազորությունները: Մարտի 4-ին կայացած ընտրություններին Պուտինը հաղթանակ տարավ`հավաքելով ընտրողների ձայների 63,60%-ը:
Հիշեցնենք, որ այսօր 12:00-ին տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը: Հանդիսավոր արարողությանը նախորդում էր «միլիոնների երթ» հանրահավաքը, որն այդպես էլ չկայացավ` ոստիկանների և ընդդիմադիրների միջև տեղի ունեցած բախման պատճառով: Բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են, շատերը վնասվածքներ ստացել: Ընդդիմադիր ակտիվիստների բողոքի ակցիան շարունակվել է այսօր, որը նույնպես ավարտվել է 120 մարդու ձերբակալություններով: