ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին:
«Ամենաջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը ֆրանսիացի ժողովրդի՝ Ձեր հանդեպ վստահության արտահայտությունն է:
Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման օգտին, և վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների և երկրների միջև բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ և սերտ համագործակցության զարգացմամբ:
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ` ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման և ֆրանսիացի բարեկամ ժողովրդի բարօրության», – ուղերձի տեքստն է փոխանցում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: