Մեքսիկայում անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ կազմակերպված հեռուստադեբատի պրոդյուսերները ներողություն են խնդրել թեկնածուներից հաղորդման օգնականներից մեկի` Ջուլիա Օրայենի խիստ համարձակ հագուստի համար, հայտնում է BBC-ն:
Հաղորդման ընթացքում աղջիկը պատասխանատու էր դեբատի մասնակիցներին իրենց ելույթների հերթականության մասին քարտեր բաժանելու համար:
Մեքսիկայի ԿԸՀ-ն հայտարարել է, որ օգնականի նեղ, սպիտակ զգեստը` խորը բացվածքով, շեղում էր քաղաքական քննարկումների մասնակիցներին կարևոր հարցերից:
«Ցավում ենք, որ պրոդյուսերները դրես-կոդի հարցում սխալ են թույլ տվել: Ներողություն ենք խնդրում երկրի քաղաքացիներից և նախագահական ընտրությունների թեկնածուներից»,-ասված է ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Նախկինում երիտասարդ աղջիկն աշխատել է որպես մոդել: Հեռուստապրոդյուսերը հայտարարել է, որ ընտրել էր աղջկան իր կարճ հասակի համար, քանի որ թեկնածուները ցածրահասակ են:
Ժոզեֆինա Վասկես Մոտան, ով հավակնում է դառնալ Մեքսիկայի պատմության մեջ առաջին կին նախագահը, հայտարարել է, որ հաղորդման ասիստենտի զգեստը ոչ մի ձևով չէր տեղավորվում լուրջ քննարկումների համատեքստում:
Մեքսիկայի նախագահական ընտրություններին մասնակցում են 4 թեկնածուներ: Ընտրություններն անց են կացվելու հուլիսին: